Որպես կանոն՝ ոտնձգության մասին խոսելիս կանայք լինում են զոհի դերում։ Սակայն Քեթի Փերիի դեպքում ամեն ինչ հակառակն է։ Ջոշ Քլոսը՝ Teenage Dream երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի դերասանը, տեսանյութի տարեդարձի օրը ներկայացրել է իր պատմությունը։
Նա պատմել է, որ աստղը միայնակ լավն ու բարի է եղել, սակայն հանրության շրջանում սառն է դարձել եւ նկարահանման հրապարակում նշել, որ իր համար տհաճ է համբուրվել հոլովակում զուգընկերոջ հետ։ Մի անգամ նա ընկերոջ հետ երեկույթի է գնացել, որին ներկա էր Փերին։ Երբ ինքը ցանկացել է ընկերոջը ծանոթացնել երգչուհու հետ, վերջինս անսպասելիորեն նախկին կոլեգայի վրայից քաշել է տաբատն ու կիսավարտիքը։ «Կարո՞ղ եք պատկերացնել՝ որքան խղճուկ ու անհարմար զգացի ինձ»,- գրել է Քլոսը։
Դերասանը նշել է, որ տեսահոլովակի տարեդարձի առիթով պատրաստվել է նվագել երգը, սակայն հետո որոշել է, որ այլեւս չի ցանկանում պահպանել Քեթիի դրական իմիջը։ Ջոշի խոսքով՝ նախկինում ինքը չի կարողացել պատմել ճշմարտությունը, քանի որ ստիպված է եղել պահպանել Փերիի կերպարը, իսկ հարցազրույցները, որոնք ինքը տվել է, միշտ շտկվել են նրա ներկայացուցիչների կողմից։