fbpx
Հասարակություն

Կայացած պետության հիմնական գրավականը առողջ հասարակությունն է. Գոռ Առաքելյան

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը իր Facebook-ի էջում գրել է.

«Քանի որ պետական ապարատի մի զգալի մասը հանգստի է գնացել, ուզում եմ մի հարց բարձրացնել, որը հուսամ և՛ տեղ կհասնի, և՛ մտորելու առիթ կհանդիսանա նրանց համար այդ հանգստի ընթացքում:
Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արժեհամակարգային լրջագույն խնդիրներ են առաջացել տարիների ընթացքում և դրանք այժմ էլ կան. տարիներ շարունակ այդ արժեհամակարգերը խեղաթյուրվել են և ձևախեղվել, եթե չասենք` դեգրադացվել: Պատճառները շատ են, բայց ես կբերեմ մի քանիսը` սոցիալական ծանր վիճակ, սոցիալական կախվածություն, վատ որակի կրթություն, արատավոր բարքերի անուղղակի կամ ուղղակի քարոզում ԶԼՄ-ների միջոցով, իսկ երբեմն էլ` ընդուպ պետական մակարդակով (օլիգարխներն ու նախորդ իշխանությունների շատ պաշտոնյաներն էլ ձեզ փեշքեշ) և այլն:

Հիմա հարց` ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում և ի՞նչ ծրագրեր ունեն՝ Կառավարությունը, Աժ-ն կամ ՏԻՄ-ը այս իրավիճակի շտկման ուղղությամբ: Խնդրում եմ, օրինակ չբերեք, թե այս կամ այն զանցանք կատարած անձիք ինչպես են պատասխանատվության ենթարկվել, որովհետև ինչպես հայտնի ասացվածքն է ասում` ոզնուն էլ է պարզ, թե հանցագործի տեղը որտեղ է: Ոչ էլ խնդրում եմ ասեք, թե այս կամ այն պաշտոնյան, այս կամ այն խոսքն ասաց այդ առիթով. բնավ չանտեսելով խոսքի դերն այս ամենի մեջ, բայց ինձ ու համոզված եմ շատ շատերին գործն է հետաքրքրում, էլ չեմ ասում, որ անհատական մակարդակով գուցե շատ մարդիկ այս հարցում շատ ավելի բան են արել՝ չունենալով պետական լծակներ: Ուստի, հարգելիներս հետաքրքիր է, այս մեկ և ավել տարվա ընթացքում, այս հարցով ի՞նչ խնդիրներ, ի՞նչ մարտահրավերներ եք դրել ձեր առջև և ինչպես եք պատկերացնում դրանց լուծումները՝ 5 կամ գոնե` 10 տարվա կտրվածքով… ասեմ, որ շատ մարդիկ դա չեն տեսնում և դա լուրջ խնդիր է արդեն…

P.S. Միայն չասեք, թե այս պահին ավելի կարևոր հարցեր կան, քանզի կայացած պետության հիմնական գրավականը առողջ հասարակությունն է, էլ չեմ ասում, որ այդ «կարևոր» հարցերն ու «հացի խնդիրը» դրոշակ սարքելով է նաև, որ մեզ այս օրը գցեցին: Իսկ թե կարծում եք, որ այս հարցում էլ կարող եք հույսներդ դնել հայտնի «անտեսանելի ձեռքի» վրա, և հուսալ որ ինքն իրեն կկարգավորվի, ապա ցավով ասում եմ, որ չարաչար սխալվում եք, ու եթե այդ «ձեռքը» կա էլ այս հարցում, մեծ են շանսերը, որ մի ցավոտ տեղի է ձեռք տալու…»

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=500571947380632&id=100022834932582

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ