ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդում. գործատուների մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի գործընթացին:
Նախարարության նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ որպես հիմնական զեկուցող, ներկայացրել է ՄԿՈւ ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները: Նա նշել է, որ ոլորտում իրականացնելով արմատական բարեփոխումներ՝ նախարարությունը նպատակ ունի էականորեն բարձրացնել նախնական և միջին մասնագիտական կրթության որակը, կառավարման համակարգի արդյունավետությունը, հզորացնել ինստիտուցիոնալ և մարդկային կարողությունները, ինչպես նաև արդիականացնել բովանդակությունը` ապահովելով դրա համապատասխանությունը աշխատաշուկայի արդի պահանջներին: Արտակ Աղբալյանի խոսքով՝ որպես հիմնական նպատակ դիտարկվում է նաև ոլորտի ծախսային արդյունավետության բարձրացումը և երկխոսությունը սոցիալական գործընկերների հետ:
Որպես ոլորտի զարգացման հիմնական խնդիրներ՝ բանախոսը նշել է շրջանավարտների շարունակական կրթության ապահովումը, գնահատման ձևերի կատարելագործումը և ինստիտուցիոնալ ու մարդկային կարողությունների հզորացումը: Արտակ Աղբալյանն անդրադարձել է նաև շրջանավարտների զբաղվածունակության և ձեռներեցային գործունեության խթանման, ուսհաստատություններում կարիերայի ուղղորդման միավորների ստեղծման և գործատուների հետ համագործակցության ընդլայնման խնդիրներին: Իր խոսքում բանախոսը շեշտել է ոլորտի կառավարման համակարգի թվայնացման, հաստատությունների հաշվետվողականության և գործունեության թափանցիկության ու հրապարակայնության բարձրացման անհրաժեշտությունը:
Արտակ Աղբալյանն անդրադարձել է նաև բնակչության բոլոր խավերի համար նախնական և միջին մասնագիտական կրթության մատչելիության ապահովման, համացանցի վրա հիմնված կրթական տեխնոլոգիաների ներդրման և ուսումնական գործընթացի կազմակերպման մոդելների մշակման հարցերին: Ներկայացվել են նաև միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնման, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին կրթական ծրագրերի համապատասխանեցման և գյուղատնտեսության ոլորտում Ն(Ա)ՄՄԿ արդիականացման խնդիրները:
Զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, որոնք հիմնականում վերաբերել են ՄԿՈՒ ոլորտում գործատուի պահանջի ձևակերպման և պրակտիկայի կազմակերպման, դասավանդողների վարձատրության, ուսհաստատությունների և մասնագիտությունների խոշորացման, ոլորտի ֆինանսավորման, դուալ կրթության, աշխատաշուկայի ուսումնասիրության անհրաժեշտության և այկ հարցերի: Նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը և վարչության պետ Արտակ Աղբալյանը մանրամասն պատասխանել են խորհրդի անդամների բոլոր հարցերին:
Նիստի ավարտին հասարակական խորհուրդը հավանության է արժանացրել ՄԿՈւ ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունները: