Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը։
ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց 99 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների բաշխմամբ։
Այս փոփոխություններով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Ըստ նախագծի հեղինակներից Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսվում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։
Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում ընդգծեց, որ նախագիծը չի տարածվում հայկական գամփռ տեսակի շների վրա, որովհետև այդ շները պետք է մարտական վիճակում լինեն և դրա համար պետք է կռվեն։