Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորումներ են նախատեսվում կենսաթոշակային համակարգում և նշեց, որ դա շատ կարևոր քայլ է ծայրահեղ աղքատությունը բացառելու հարցում։
Փոխնախարարի խոսքով՝ սահմանվելու է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը․ սահմանված չափից ավելի փոքր կենսաթոշակ ոչ ոք չի ստանա։ Սաիյանը ավելացրեց, որ այս կարգավորումը վերաբերելու է Հայաստանի 18 հազար կենսաթոշակառուների, որոնք ստանում են ծայրահեղ աղքատության շեմից էլ ցածր կենսաթոշակ։
Նա հայտնեց, որ սա լրացուցիչ բեռ է լինելու բյուջեի համար՝ մոտ 800 միլիոն դրամ, բայց 2019 թվականի բյուջեով դա արդեն նախատեսված է։ Ու եթե օրենքն ընդունվի, ապա ըստ փոխնախարարի` վերահաշվարկներ կկատարվեն, ու թոշակառուները հավելավճարներ կստանան 2019 թվականի առաջին երեք ամիսներին արդեն ստացած թոշակների համար։
Կենսաթոշակի նվազագույն չափը, ըստ այս կարգավորման, կլինի 25 հազար 500 դրամ։

