Կեպայի հարցն ինձ համար փակված է. Սարի

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո  Սարին խոսել է անգլիական լիգայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջում դարպասապահ Կեպա Արիսաբալագայի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Կեպայի հետ արդեն խոսել ենք այդ միջադեպի մասին: Մենք լավ զրույց ունեցանք: Թյուրիմացություն էր տեղի ունեցել, բայց նա հասկանում է, որ մեծ սխալ է թույլ տվել` նման կերպ արձագանքելով:

Նա ներողություն խնդրեց ինձնից, թիմակիցներից ու ակումբից: Ինձ համար այդ հարցն արդեն փակված է: Տղաներն ընդհանուր առմամբ դրական էին տրամադրված, և ցավալի է, որ այդ միջադեպը մթագնեց մեր ջանքերը շատ լարված գավաթային եզրափակչում: Բոլորը հիմա կենտրոնացած են հաջորդ խաղի վրա, և մենք պետք է ամեն ինչ թողենք անցյալում»,- Սարիի խոսքերն է փոխանցում «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` իտալացի մասնագետը 11-մետրանոցներից առաջ ցանկանում էր Կեպային փոխարինել ու դաշտ դուրս բերել Վիլի Կաբալյերոյին, բայց 24-ամյա իսպանացին հրաժարվեց փոխարինվել: Արդյունքում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց ու նվաճեց անգլիական լիգայի Գավաթը:

Նման պահվածքի համար «Չելսին» շաբաթվա աշխատավարձով տուգանել է Կեպային: Ոչ հաստատված տվյալների համաձայն դարպասապահը «Չելսիում» շաբաթական 195 հազար ֆունտ է վաստակում (մոտ 225 հազար եվրո): Կեպան էլ ավելի վաղ հայտնել էր, որ գիտակցում է, թե ինչ մեծ սխալ է թույլ տվել ու արդեն ներողությոն է խնդրել բոլորից:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ