Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը /ՄԿՈՒԶԱԽ/ գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին 2021 թվականին մշակման ենթակա 12 և վերանայման ենթակա 20 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև մշակման ենթակա 9 ՆՄՄԿ ուսումնական ձեռնարկի և ուսումնամեթոդական նյութի ընտրության և հաստատման հարցերը: Դրանք զեկուցել է ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը: Քննարկման արդյունքում ներկայացված ցանկից հստակեցվել, ընտրվել և ընդունվել են մշակման ու վերանայման ենթակա չափորոշիչները, ձեռնարկները և ուսումնամեթոդական նյութերը:
Նիստի ընթացքում առաջարկ է հնչել պատերազմի և համավարակի հետևանքով աշխատաշուկայում ծագած նոր խնդիրները լուծել կարճաժամկետ ուսուցման ծրագրերի և վերապատրաստումների միջոցով։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ եթե Հայաստանի Գործատուների հանրապետական միությունն իրականացնի աշխատուժի կարիքի գնահատում և առաջարկ ներկայացնի, թե հատկապես որ ուղղությունների վրա պետք է շեշտադրում անել, ապա ԿԳՄՍ նախարարությունն ուսումնական հաստատությունների միջոցով կիրականացնի կարճաժամկետ ուսուցման դասընթացներ: Ըստ փոխնախարարի՝ այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հնարավոր կլինի զբաղվածության ծրագրերն ուղղորդել՝ ըստ այդ առաջնահերթությունների և ուղղվածությունների: