fbpx
Կրթություն

21:20 7/10/2019

WCIT-2019. ԿԳՄՍՆ տաղավարը ներկայացնում է նորարական կրթությունը

ԿԳՄՍ նախարարության տաղավարում ներկայացված են Թումո ստեղծարար կենտրոնը, ԱՅԲ դպրոցը, ԵՊՀ-ն, Արմաթ լաբորատորիաները, Հայաստանի ամերիկյան համալսարանը (AUA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Ֆաբ Լաբ Դիլիջան(Fab Lab Dilijan) ծրագիրը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ACBU) Հայկական վիրտուալ համալսարանը ( AVC):

WCIT 2019-ում ԿԳՄՍՆ-ի կրթական նախագծերի հիմնական խորգարերն են` «Ապագան այստեղ է, ապագան հիմա է, ապագան Հայաստանում է. մեր նպատակը կրթված, ստեղծագործ և նախաձեռնող քաղաքացին է, մենք քաջալերում ենք երիտասարդներին լինել նորարար»:

Հայաստանում անցկացվող ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին` Հանրապետության Հրապարակում կազմակերպված տոնական աննախադեպ համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից:

Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը բեմում ներկայացրել է հենց տեղում արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտությունը` երաժիշտները նախապես ծանոթ չեն եղել նյութին: Արհեստական ինտելեկտը գեներացրել է հայկական շարականները և ստեղծել WCIT-ի օրհներգը՝ ստեղծված մասնակից երկրների օրհներգերի հիման վրա:

Համերգը ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նորարար գաղափարի հեղինակն է: Նվագախմբի հետ հանդես է եկել նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

World Congress on Information Technology (WCIT) 2019-ի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 9-ին:Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: Համաժողովի կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից, անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Վերեվ