ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը:
«Կուսակցության կողմից ներկայացված ցուցակում ունեցել ենք մեկ թեկնածուի մասով բացթողում, որին ԿԸՀ-ի կողմից տրամադրվել է 48 ժամ՝ բաղթողումը լրացնելու համար: Բացթողումը ընտրական ցուցակի 13-րդ հերթական համարի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցման վերաբերյալ էր, որի փաստաթղթերի փաթեթում բացակայում էր հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը: 48 ժամը լրացել է, տեղեկանքը չի ներկայացվել: Ուստի ԿԸՀ-ին առաջարկվում է ցուցակի 13-րդ համար Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը մերժել», – ասել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
Կուսակցության լիազոր ներկայացուցիչը ներկա չէր նիստին: Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը մերժելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը ստացավ 7 «կողմ» ձայն ու ընդունվեց:
Կուսակցության ցուցակն այլ թերություններ չուներ, արդյունքում գրանցվեց: