Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:
Բարեկամական խմբի բոլոր անդամների անունից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել խմբի ղեկավար Թիմ Լոութենը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական համայնքներին և ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին եւ միանգամայն անհիմն էին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00: 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական ռեժիմի բռնության այս վերջին գործողությունը և իր խորը մտահոգությունն է հայտնում զոհերի և նրանց ընտանիքների համար»,- նշված է հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը կարծում է, որ այս ագրեսիան հստակ հաշվարկված էր, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայի իրադարձությունների, իսկ վերջերս՝ թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ համատարած սգի վրա: Նշում են, որ նման ագրեսիվ օպորտունիզմը պետք է դատապարտվի ամենավճռական ձեւով եւ ստանա վճռական պատասխան:
«Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության կանչի նրան այդ վերջին ռազմական հանցագործությունների համար։ Մենք խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը միանալ մյուս երկրներին ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր չարդարացված գործողությունները։ Մենք նաև խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանն աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված խնդրանքին’ այս հարցը քննարկել ԱԽ արտակարգ նիստում և աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ: