Կոչ եմ անում խուսափել ջուր խմելու համար անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց․ Վահագն Վարագյան

«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կոչ եմ անում Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց:

Չկա արձանագրված խնդիր, չկա լուծման անհրաժեշտություն: Տպավորություն է, որ շրջակա միջավայրի և առողջապահության նախարարություններն այսօր աշխատում են հենց այս մեթոդով. չեն հերքում առկա խնդիրները, սակայն պաշտոնապես չեն գրանցում դրանք՝ պարտավորություններից, գործ անելուց խուսափելու համար: Ցիանոբակտերիները (Սևանը կանաչել է սրանց պատճառով) բախտի բերմամբ կամ պոպուլիզմով չեն վերանալու: Ավելին, թեև առողջապահության նախարարությունը խուսանավում և խուսափում է այդ մասին խոսել, բայց կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը հետազոտություններով ապացուցել է, որ Սևանա լճում կան նաև Anabaena ցեղի բակտերիաներ:

Մտահոգիչ է, որ ցիանոբակտերիաների արտադրած տոքսիններից ամենատարածվածը, ամենավտանգավորն ու ամենահայտնին միկրոցիստիններն են, որոնք արտադրվում են հենց Anabaena ցեղի բակտերիաների կողմից: Սա համարվում է բնության ամենաուժեղ թույներից մեկը: Այն իր ազդեցությամբ և վտանգավորության աստիճանով կարելի է համեմատել կոբրայի թույնի հետ:

Նշենք, որ լողալու հետևանքով միկրոցիստինները կարող են մաշկի միջոցով ներթափանցվել արյան մեջ:

Միկրոցիստինների 50-70%-ը կուտակվում է կենդանի օրգանիզմի լյարդում, մոտ 10%-ը՝ աղիքներում, մնացածը՝ տարբեր հատվածներում և ազդում են նյարդային համակարգի վրա: Կենդանիների, օրինակ՝ ձկների մոտ, ինտոկսիկացիան կարող է դրսևորվել լյարդում՝ արյունազեղումներով և լյարդի չափսերի մեծացմամբ: Այս օրերին Սևանից հանված սիգի լյարդը նայեք, կհամոզվեք: Ցիանոբակտերիաներով հարուստ ջրերի ափամերձ տարածքներից կենդանիների ջուր խմելով, նույնպես, վտանգվում է նրանց կյանքը, և սա կարող է անասունների զանգվածային անկման պատճառ հանդիսանալ: Ընդ որում, անասունների մոտ ինտոկսիկացիայի տևողությունը տարբեր է. այն կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր:

Ուստի, ելնելով ստեղծված իրավիճակից՝ կոչ եմ անում Սևանի ավազանում անասնապահությամբ զբաղվող անձանց խուսափել ջուր խմելու նպատակով անասուններին Սևանի ափամերձ տարածքներ տանելուց:

Նկարում Սևանի ափին անցած տարի սատկած անասունն է»։

https://www.facebook.com/vahagn.varagyan/posts/2933540720088767?__cft__[0]=AZVQ3JxbB9ltMF224vAhJ_oLCubEltjhTInWIgLOfL_w1xDKz6MDt-MQ7W3MR5JPjnLOLhivB6pimkh7pD0jnl_09CpICF-6g5D3tX8zdbUcmAGNBrM1apafqSmCSPs6MAI&__tn__=%2CO%2CP-R

Ամենաթարմ