fbpx
Խորհրդարան

Կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը կդառնա 100 մլն դրամ. ԱԺ-ն նոր օրենքներ ընդունեց

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստի ընթացքում մի շարք օրենքներ ընդունեց առաջին ու երկրորդ ընթերցումներով։ Դրանց թվում էին․

«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 90 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Սրա նպատակը փաստաթղթաշրջանառությունը և ծախսվող ժամանակը նվազեցնելն է։ Քաղաքացիներն, ըստ նախագծի, այսուհետ պետք է կարողանան դիմել ՔԿԱԳ ցանկացած գրասենյակ, ոչ թե պարտադիր իրենց կցված գրասենյակը։

Դիտարկվում է փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ուղարկելու հնարավորությունը։ Ընդ որում՝ բոլոր փաստաթղթերի վրա պետք է լինեն QR-կոդեր, որոնք թույլ կտան աշխարհի ցանկացած կետում ստուգել փաստաթղթի իսկությունը։

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծային փաթեթը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Հարցը վերաբերում էր ահաբեկչության քարոզչության և ահաբեկիչներին հրապարակայնորեն սատարելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Այս օրենքի ընդունում կապված է Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ, քանի որ փաստացի նման մեղադրանքով Հայաստանում որևէ մեկը չի հետապնդվել:

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (առաջին ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 101 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Մասնավորապես՝ այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ։

Կխստացվեն նաև ապօրինի ծառահատումների պատիժները։ Ապօրինի անտառահատման դեպքում նույն արարքը մեկ տարում կրկնելու դեպքում կարգազանցները կենթարկվեն ոչ թե վարչական (տուգանք), այլ քրեական պատասխանատվության (ազատազրկում)։ Խոսքը մինչև 2 տարի ժամկետով ազատազրկման մասին է։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը (առաջին ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 101 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Նախագծով այս շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է անցնում Հիդրոմետ ծառայությունը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը բացատրեց, որ դա արվում է շրջակա միջավայրի մոնիթորինգով զբաղվող բոլոր կառույցները մեկ նախարարության կազմում միավորելու համար։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս նախարարը հաստատեց, որ այս փոփոխության արդյունքում լինելու են կրճատումներ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին նախագիծը և հարակից փաթեթը (առաջին ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 61 կողմ, 20 դեմ, 16 ձեռնպահ։

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2018 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 95 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ։

Նախագիծն առաջարկում է տոննայի համար 60 հազար դրամ տուրք սահմանել սև մետաղի ջարդոնի արտահանման վրա, ինչը տնտեսվարողներին կստիպի ընտրություն կատարել՝ արտահանե՞լ, թե՞ գրեթե նույն գնով վաճառել այստեղի վերամշակող ընկերություններին։ Սա, ըստ հեղինակների, արվում է Հայաստանի մետաղի պաշարները պահպանելու, ինչպես նաև վերամշակող ձեռնարկություններին օժանդակելու համար։

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը և կից փաթեթը (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ կառավարություն) – 102 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։

Սրանով Ազգային ժողովն այսօր ավարտեց լիագումար նիստի աշխատանքները։ Դրանք կշարունակվեն վաղը, քանի որ կառավարությունն առաջարկել է օրենքները քննարկել արտակարգ ռեժիմով։ Վաղվա քննարկումը կվերաբերի երրորդ, չորրորդ և հինգերորդ կետերում ներառված հարցերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ