Նախ՝ ի՞նչ է կրկնակի հարկումը, այն բացառող պայմանագիրը եւ ի՞նչ տնտեսական արդյունք այն կարող է ապահովել Հայաստանի համար: Պատկերացնենք մի պահ, որ այլ պետության քաղաքացին, գործարարը, ոգեշնչվելով Հայաստանի ներկայիս կառավարության կատարած բարեփոխումներով ու երկրի տնտեսական աճի տեմպերով, որոշում է ներդրում կատարել ՀՀ-ում, սակայն կրկնակի հարկումը բացառող պայմանագրի բացակայության պայմաններում պետք է հարկ վճարի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այն երկրում, որի քաղաքացին կամ ռեզիդենտն է հանդիսանում նա: Միաժամանակ երկու տեղում տարբեր հարկային ռեժիմներով հարկվելու բեռից խուսափելու, պոտենցիալ ներդրողների համար հարկման խաղի կանոնները հստակեցնելու համար երկրները կնքում են կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր:
Հայաստանը կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր ունի բազմաթիվ երկրների, այդ թվում` Ավստրիայի, Իրանի, Ռումինիայի, Հնդկաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Իտալիայի, Ղազախստանի, Լիբանանի, Լիտվայի, Լատվիայի, Իռլանդիայի, Քաթարի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Չեխիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Բելառուսի, Խորվաթիայի, ԱՄԷ-ի, Ավստրիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Սիրիայի, Թաիլանդի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Քուվեյթի, Իսպանիայի, Սլովենիայի, Տաջիկստանի, Սերբիայի, Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Դանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի եւ Միացյալ Թագավորության: