Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռավար խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինային սահմանամերձ մարզերի ղեկավարների ու կառավարության որոշ անդամների հետ։
Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, ներկայացնելով իրավիճակը, ասել է․ – «Օպերատիվ շտաբի որոշմամբ տարհանման գոտում ընդգրկվել են Կուրսկի մարզի 8 շրջաններ՝ 152 հազար 566 բնակչությամբ։ Այսօրվա դրությամբ 133 հազար 190 մարդ դուրս է եկել, մնացել են 19 հազար 376-ը։ Շարունակում ենք մարդկանց տեղափոխումը ապահով վայրեր»։
Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն ասել է, որ իրավիճակը երեկ բարդացել էր։ Նրա հայտնած տվյալներով՝ մարզի վրա 23 անօդաչու է արձակվել, որոնք ոչնչացվել են, իսկ երեկոյան դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձել են հատել սահմանը, բայց սահմանապահների ու բանակի ուժերը նրանց հետ են մղել։
Մարզերի ղեկավարները հավաստիացրել են՝ իրավիճակը հիմա վերահսկվում է։
Ռուսական հեռուստաընկերությունները Կուրսկից ռեպորտաժ են հեռարձակել՝ ցույց տալով, որ քաղաքում բետոնե պատսպարաններ են տեղադրվում, որտեղ մարդիկ կարող են թաքնվել հրետակոծությունների ժամանակ։