Լոռին՝ առանց գլխավոր մարզիչ. Արթուր Պետրոսյանը հեռանում է

Մայիսի 12-ին Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պաշտոնից հեռանալու դիմում է գրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Վահե Գեւորգյանը, որն աշխատում էր Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը եւ անձամբ ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանին այստեղ աշխատելու հնարավորության համար:

Որպես մարզիչ անձամբ իմ առջեւ «Լոռիի» հետ եվրագավաթային ուղեգիր նվաճելու խնդիր էի դրել, որ ցավոք չի հաջողվում իրագործել: Ի սրտե ցանկանում եմ հաջողություն մաղթել այն մարզիչին, որը ինձնից հետո կզբաղեցնի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում «Լոռին» կկարողանա լուծել իր առջեւ դրված խնդիրները:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին սրտացավ եւ հոգատար աշխատանքի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ակումբի երկրպագուներին, որոնք մշտապես թիմի կողքին էին եւ աջակցում էին թե՛ լավ, թե՛ վատ պահերին: Հուսով եմ, որ ակումբը շատ շուտով կարդարացնի Ձեր բոլոր ակնկալիքները:

Մաղթում եմ, որ մոտ ապագայում «Լոռին» հասնի մեծ հաջողությունների եւ ուրախացնի ակումբի բոլոր երկրպագուներին»,- ասել է Արթուր Պետրոսյանը:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը «Լոռին» գլխավորում էր 2018 թվականի դեկտեմբերի 25-ից: Նրա գլխավորությամբ «Լոռին» հասավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց «Ալաշկերտին»:

Ամենաթարմ