Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել է դիվանագետը:-Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող մյուս պետությունների հետ»:
Այս համատեքստում անդրադառնալով Երևանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին` Զախարովան ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»: «Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են դրսևորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաև անցյալ շաբաթ Վիեննայում Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: «Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որ իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել է դիվանագետը:
«Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամք դրսևորելն է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: