fbpx
Քաղաքականություն

Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար հնացած, կամ անընդունելի են․ Արսեն Խառատյան

Հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երբ թելադրողը մենք ենք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում արված կոչը արձագանք գտավ Արցախի նախագահի 4 թեկնածուների կողմից: Ելնելով հնչած հայտարարություններից կարող ենք հստակ ասել, որ մինչ այս բանակցված հայտնի Մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի համար հնացած, կամ անընդունելի են: Սա չափազանց կարևոր արձանագրում և ուղերձ է ինչպես մեր` ներքին լսարանի, այնպես նաև Ադրբեջանի, միջնորդների և միջազգային հանրության համար:

Այսպիսով, կրկին անգամ վերահաստատվում է այն իրողությունը, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունն ու դրա արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը, արցախյան կարգավորման հարցում որևէ կաշկանդվածություն չունի: Նոր կառավարությունը` նախկինի բանակցային պարտավորություններն իրականացնելու, կամ` իշխանության գալու համար ներքին պայմանավորվածություններ չունի ո՛չ առանձին արտաքին խաղացողների, ո՛չ էլ միջազգային կառույցների հետ: Ինչո՞ւ, որովհետև իր մանդատը ստացել է ոչ թե Բրյուսելից, Մոսկվայից կամ Վաշինգտոնից, այլև իր ժողովրդից:

Սա բացառիկ իրավիճակ է մեր նորագույն` առնվազն քառորդդարյա պատմության ընթացքում, երբ ավելի քան ակնհայտ է, որ բանակցային դիրքերի, ժողովրդավարության ու բարոյահոգեբանական առումով մենք անհամեմատ ամուր դիրքեր ունենք: Վարչապետ Փաշինյանի` Կապանում արված հայտարարությունը հետհեղափոխական շրջանում ընդդիմություն դարձած նախկինների մեղադրանքներն առավել քան անհեթեթ են դարձնում:

Մեծ հույս ունեմ, որ հող հանձնողի, կամ գաղտնի պայմանավորվածությունների մասին միֆական պնդումներ անողներին տրված պատասխանը սպառիչ է: Ավելին, եթե նրանց` Արցախի հարցում ջանքերը համատեղելու բազմիցս հնչած հայտարարություններն իրական են, ապա առաջիկայում առնվազն զերծ կմնան սպեկուլյատիվ բնույթի կեղծ մեղադրանքներից: Ընդ որում, սա առավելապես ձեր շահերից է բխում, քանի որ ամեն նոր փուլում հանրությանն էլ ավելի հասանելի է դառնալու, թե ներքին լեգիտիմություն չունենալով իշխանություն պահելու համար փոխզիջումների ինչպիսի սահմաններ եք պատրաստ եղել հատել:

Աներկբա է, որ արցախյան կարգավորման գործընթացը թևակոխել է աննախադեպ նոր փուլ` քանդելով անցյալի միֆերն ու թելադրող դարձնելով հայկական կողմերին:

Կողմնորոշվեք սիրելիներ, դուք ո՞ւմ կողմից եք…»:

https://www.facebook.com/arsen.kharatyan/posts/2970925136335686

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ