ՄԱԿ-ը գումար կհատկացնի «Դորիան» փոթորկից տուժածներին օգնելու համար

«Դորիան» մրրիկից տուժած Բահամյան կզիները 1 մլն դոլար կստանան ՄԱԿ-ի հատուկ արտակարգ ֆոնդից։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, Բահամյան կղզիների ղեկավարության հետ հեռախոսային զրույցում ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը։

«Իմ տնօրինության տակ գտնվող արտակարգ ֆոնդից ես անմիջապես 1 մլն դոլար եմ հատկացրել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը արդեն կոչ է արել բոլոր երկրներին միջոցներ հատկացնել օգնելու մրրիկից տուժածներին:

«Դեռևս դժվար է ասել, թե կոնկրետ որքան միջոց հարկավոր կլինի: Այս պահին մենք կենտրոնացել ենք սնունդ հասցնելու և առանց տանիքի մնացած մարդկանց տեղավորելու հարցերի վրա: Այնուհետև կանցկացվի ավերածությունների չափերի գնահատումը»,- ասել է նա:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է, որ ներկայումս հստակ չէ, թե կոնկրետ քանի մարդ է տուժել կամ զրկվել իր տնից:

«Մենք վախենում ենք, որ որոշ գյուղեր ամբողջութամբ ավերվել են կամ ջրի տակ են հայտնվել։ Դրանց հասնել առայժմ չենք կարողանում՝ աղետի ամբողջ ծավալը գնահատելու համար։ Մեր գնահատականներով՝ մոտ 70 հազար մարդ անհապաղ օգնության կարիք ունի»,-պարզաբանել է նա։

Նա նշել է, որ Բահամներում իրավիճակը, որն իր աչքերով է տեսել, վշտացնող է:

«Ճանապարհները վերացել են, օդանավակայանների մեծ մասը չի գործում, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում տուժած շրջաններ պարենամթերք և խմելու ջուր հասցնելու համար։ Որոշ վայրեր կարելի է հասնել միայն ուղղաթիռով, բայց ուղղաթիռների վերամբարձ հնարավորությունները սահմանափակ են: Ամբողջ պատմության մեջ Բահամյան կղզիներն այսպիսի բան չէին վերապրել»,-հայտնել է Լոուկոկը:

Նշենք, որ ԱՄՆ Փոթորիկներին հետևելու ազգային կենտրոնի տվյալներով՝ «Դորիան» մրրիկը Ֆլորիդայի ափերից 180 կմ հեռավորության վրա է և 2,5 մ/վ արագությամբ սուրում է հյուսիսարևմտյան ուղղությամբ: Մրրիկի սահմաններում քամու արագությունը հասնում է 48,6 մ/վ:

Ամենաթարմ