fbpx
Աշխարհ

Մակրոնը հուլիսի 16-ին կընդունի վարչապետ Ատալի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը գալիք երեքշաբթի՝ հուլիսի 16-ին, կընդունի վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։ Լուրը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է France Bleu ռադիոկայանը:

Դրանից հետո Ատալը կաշխատի որպես վարչապետի պաշտոնակատար՝ մինչև կառավարության նոր ղեկավարի նշանակումը։

Ըստ ռադիոկայանի, Մակրոնը Գաբրիել Ատալին պաշտոնանկ կանի երեքշաբթի կեսօրին՝ ներկայիս կառավարության վերջին ժողովից հետո։ Այդպիսով, Ատալը և նրա այն նախարարներն, ովքեր ընտրվել են Ազգային ժողով (խորհրդարանի ստորին պալատ), կկարողանան մասնակցել հուլիսի 18-ին մեկնարկող կառավարության նիստերին:

Ատալը դարձավ միակն, ով առաջադրեց իր թեկնածությունը Մակրոնի առաջնորդած «Վերածնունդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում։

Ֆրանսիական լրատվամիջոցները չեն նշում, թե կոնկրետ երբ Մակրոնը կարող է նոր վարչապետ նշանակել։ Ավելի վաղ երկրի ղեկավարն իր գրավոր ուղերձում կոչ է արել քաղաքական ուժերին Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներից հետո ձևավորել ամուր մեծամասնություն և խոստացել է վարչապետի թեկնածուներին գնահատել նրանց պատրաստակամությամբ և երկրում կայունությունը վեր դասել կուսակցական և անձնական հավակնություններից.

Մակրոնը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ է նշանակել հունիսի 9-ին՝ Եվրախորհրդարանի ընտրություններում նախագահական կոալիցիայի ծանր պարտությունից հետո։

Հուլիսի 7-ին կայացած երկրորդ փուլի արդյունքներով՝ մանդատների մեծամասնությունը (182) ստացել է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան, որն առաջ է անցել «Միասին հանուն Հանրապետության» իշխող դաշինքին (168 մանդատ):

Ընտրությունների առաջին փուլի առաջատար «Ազգային միավորումը» զբաղեցրել է երրորդ տեղը՝ իր հանրապետական դաշնակիցների հետ ստանալով 143 մանդատ նոր խորհրդարանում։

Արդյունքների հրապարակումից հետո Ատալը հրաժարականի դիմում է ներկայացրել Մակրոնին, սակայն նախագահը նրան խնդրել է «ժամանակավորապես մնալ իր պաշտոնում՝ երկրում կայունություն ապահովելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ