fbpx
Կառավարություն

Մանե Ադամյանը մասնակցել է «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի ազգային մեկնարկին նվիրված աշխատաժողովին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը մասնակցել է Երևանում կայացած «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» ծրագրի ազգային մեկնարկին նվիրված աշխատաժողովին։ Ծրագիրն աջակցելու է Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում Հայաստանին, իրականացնելու «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզի համաձայնագիրը, բարելավելու կլիմայի վերաբերյալ քաղաքականությունն ու օրենսդրությունը, ինչպես նաև նվազեցնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը մարդկանց կյանքի վրա: Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ծրագրի հիմնական բաղադրիչները, քննարկել Հայաստանի առաջնահերթությունները և մինչև 2022թ. այս ուղղությամբ նախատեսվող քայլերը:

Իր ողջույնի խոսքում Մանե Ադամյանն առանձնահատուկ կարևորել է կանաչ տնտեսության և կանաչ աճի ուղղությունը Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության շրջանակում ավելի ընդլայնելու և խորացնելու միտումը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության ծրագրից բխող միջոցառումների շարքում արդեն իսկ ընդգրկվել է կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգի մշակումը և վստահություն է հայտնել, որ տվյալ նախաձեռնության մեկնարկը հնարավորություն կտա ավելի ներառական և թիրախավորված դարձնել գործընթացը:

«Քանի որ կանաչ տնտեսությունը ոչ թե ստատիկ կամ որոշակիորեն սահմանվող կարգավիճակ է, այլ տեխնոլոգիա` անցնելու տնտեսական զարգացման ավանդական` ռեսուրսասպառող մոդելից դեպի էկոմիջավայրի խելացի օգտագործման և կայուն աճի մոդելին, հետևապես մեր ջանքերն այս ուղղությամբ պետք է լինեն շարունակական: Կանաչ տնտեսությունը տնտեսական քաղաքականության մտածողության վերափոխում է և դրան հասնելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ կարգավորումների, քաղաքականության գործիքների և ծրագրային նախաձեռնությունների համախմբում: Ուստի հաջողություն եմ մաղթում բոլորիս այս կարևոր նախաձեռնությունում և հույս ունեմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք գրանցել շոշափելի արդյունքներ», – ասել է Մանե Ադամյանը:

Աշխատաժողովին մասնակցել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական Միության և ծրագրի իրականացման գործընկերները՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի զարգացման կազմակերպության (UNEP), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկանում ենք տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ