Այսօր անցկացվել է մրցույթ Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր է անցած տարվա հուլիսի 12-ից, երբ լրացել էր նախկին տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը և նոր պայմանագիր նրա հետ չէր կնքվել: Իսկ պատճառն առողջության կենտրոնում անցկացված աուդիտն էր, որի ընթացքում պարզվել էր` աշխատողների աշխատավարձերը չեն վճարվել, և քրեական գործ էր հարուցվել:
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Պետրոսյանը հայտնել է, որ նախկին տնօրեն Սուսաննա Պետրոսյանը տնօրենի պաշտոնի հավակնորդներից մեկն էր: Նրանից բացի, հայտ էր ներկայացրել նաև հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վռամ Մելիքյանը, որը մրցույթի երկրորդ փուլում դուրս է մնացել պայքարից:
Բոլոր փուլերը հաղթահարել և առողջության կենտրոնի զարգացման ծրագիր է ներկայացրել նախկին տնօրենը, որը, սակայն, չի ընտրվել հանձնաժողովի քվեարկության արդյունքներով: Նրա օգտին կողմ քվեարկել է հանձնաժողովի 3, իսկ դեմ՝ 4 անդամ:
Մարալիկի առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը շարունակում է մնալ թափուր:
Աղբյուրը՝ shantnews.am


