Երևան

Մարությանը հորդորեց տեղից չխոսել և քննարկել միայն օրակարգային հարցեր

Ավագանու անդամներից մեկը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկեց աղբահանության հարցն առաջ բերել, քանի որ նիստի վերջում կարող են հոգնած լինել, ինչին քաղաքապետը չհամաձայնեց.

«Եթե գտնում ենք, որ վերջին 2 հարցին պետք է հոգնած լինենք և սխալ որոշում կայացնենք, եկեք նիստը տեղափոխենք ուրիշ օր», – ասաց քաղաքապետը:

Միքայել Մանրիկյանն առաջարկեց քվեարկության դնել առաջարկը, և այն մեծամասնության կողմից մերժվեց, ինչին ի պատասխան` Միքայել Մանրիկյանը ելույթի իրավունք խնդրեց և իր դժգոհությունը հայտնեց:

«Շատ կանխատեսելի էր, որ իմ առաջարկած տարբերակը չի ընդունվի: Ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մի մարմին ենք և համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու երևանցիների խնդիրները, բայց, ցավոք, դրանք լոկ խոսքեր էին: Բայց ինչ տեղի ունեցավ բոլորի առաջ: Շատ անհարգալից վերաբերմունք էր երկու ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ: Փաստորեն, երբ նեղն եք ընկնում, կոչով դիմում եք մնացած 3 ֆրակցիաներին՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և դրա օգնությամբ տալ որոշակի լուծումներ: Խոսքը Բյուզանդի շենքի մասին է: Ի՞նչն է ստիպել, որ նախօրոք չեք տեղեկացրել մյուս խմբակցություններին գնման նախագծի մասին, որ պետք է ներկայացվեր կառավարությանը: Նույնիսկ «Իմ քայլը» խմբակցության 4-5 անդամ է դրա մասին տեղյակ եղել» , – ասաց Մանրիկյանը:

Նա նաև հիշեցրեց, որ գործադիր մարմինը պարտավոր է տեղեկացնել բոլոր քայլերի մասին ավագանու բոլոր խմբակցությունների անդամներին և հեգնեց, ասելով, որ եթե չեն հիշում, ինքը կհիշեցնի, որ Երևանի կառավարման գերագույն մարմինն ավագանին է:

«Իսկ ո՞վ է ասել, որ 24 ԿԱՄԱԶ պետք է լինի, այլ ոչ թե 15, կամ 30: Ունե՞ք համապատասխան մոնիտորինգ, համոզված եմ՝ չունեք, ունե՞ք ծրագիր, որ ասում եք 9 մլն տրամադրենք, եթե ունեք, բերեք քննարկենք: Իմ վրդովմունքը գալիս է նրանից, որ դուք փաստացի արհամարհեցիք մյուս երկու խմբակցություններին: Եթե համամիտ չեք իմ բարձրացրած տեսակետի հետ, պատրաստ եմ այսօր, այստեղ, այս դահլիճում նիստից հետո, դեմ առ դեմ բանավեճի՝ լրագրողների ներկայությամբ»,- ասաց Մանրիկյանը:

Ասածին ի պատասխան` քաղաքապետը հակադարձեց` ասելով, որ ավագանու անդամը երևի ժամանակաշրջանն է փոքր- ինչ շփոթել:

«Հիմա ընտրություն չի և նախընտրական պայքար չէ: Ի՞նչ բանավեճի մասին է խոսքը: Եթե գտնեք մի կետ կանոնակարգում կամ քաղաքապետարանի գործունեության մի կետ, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին հայտնել ավագանուն, ես կհամաձայնեմ, չկա այդպիսի կետ», – պատասխանեց քաղաքապետը:

Միքայել Մանրիկյանը տեղից արձագանքեց`ասելով, որ եթե ուրբաթ հավկիթների ակցիա էր Հյուսիսային պողոտայում, տեղեկացնում են, բայց 9 մլն դրամի գնման մասին չեն տեղեկացնում:

«Ես չեմ շփոթել, բանավեճ միշտ լինում է, եթե կա հարցերի անհամաձայնություն և տեսակետների տարաձայնություն, կարող ես բանավիճել», – արձագանքեց Մանրիկյանը:

Տեղից ռեպլիկի կարգով արձագանքեց նաև «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Պարո՛ն քաղաքապետ, բա ո՞ւր կորան այն պաթոսները, որ ձեր համար տարբերություն չկա խմբակցությունների միջև», – ասաց Անի Խաչատրյանը:

Քաղաքապետը հորդորեց տեղից չխոսել և քննարկել միայն օրակարգային հարցերը կամ դադարեցնել ու բանավիճել:

Միքայել Մանրիկյանը քաղաքապետին հորդորեց ցույց տալ «Սանիթեքի» հետ վերջին 6 ամսվա նամակագրությունը, հակառակ դեպքում իրենք կսկսեն կասկածել սև գործերի մասին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ