Հուլիսի 15-ին Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը:
Ցուցարարները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանի հետ ունեցած հանդիպումից հետո կրկին փակել են Երևան-Սևան մայրուղին։ Սևանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված՝տարբեր բիզնես շահերով պայմանավորված:
Ցուցարարներին է մոտեցել ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և հորդորել բացել ճանապարհը. «Բացում եք, սա համարում ենք նախազգուշացում, անձամբ ես էլ եմ զբաղվելու, մինչև չորեքշաբթի: Մինչև չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ես էլ կգամ, ճանապարհ կփակենք»:
Քննարկումներից հետո ցուցարարները համաձայնեցին և բացեցին ճանապարհը:
«Ես իմ ժողովրդին եթե խոսք եմ տալիս, անում եմ:
Եթե կա ինչ-որ բան, թող հայտարարեն, մարդիկ ընդամենը մի ամիս են աշխատում, ամեն տարի բերում մի բան ասում են, ժողովուրդը վախենում են գնալ: Եթե թունավոր է, ձկներն ինչի՞ չեն սատկում, ինչո՞ւ են Արարատյան դաշտավայրը ջրում»,- ասաց Միքայելյանը լրագրողների հետ զրույցում:
Ակցիայի դադարեցումից հետո Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողացին Սևանում ցույց տալու համար, որ ջուրն անվտանգ է:
Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սևանում լողալը վտանգավոր չէ: Մարզպետը հրաժարվեց լճից ջուր խմել՝ ասելով, որ այն նախատեսված է լողալու համար:
Նրա խոսքով՝ 2011-2012 թ-ից սկսված Սևանա լճի մակարդակը չի բարձրացել, և այդ ամենը հանգեցրել է այս վիճակին: