Մեծոփավանք․ Հայոց պատմության լուռ վկաները

Հրապարակող՝

Մեծոփավանք․ Հայոց պատմության լուռ վկաները

Վանքը գտնվում է Արեւմտյան Հայաստանում՝ Քաջբերունիք գավառում, Ծաղկանց լեռների հարավային փեշերին։ Նրանից հարավ` կիրճն ի վար շարժվելիս, հայտնվում ես Արճեշի դաշտում։

Մարիամ Աստվածածնին նվիրված այս վանքի «Մեծոփա» մականունը տեղագրողները կապում են վանքից ոչ այնքան հեռու՝ լեռների գոգավորության մեջ գտնվող գետի նախնական հունի վրա, դեռեւս վաղեմի ժամանակներից կառուցված ջրամբարին ժողովրդի կողմից տրված անվան հետ։ Գրաբարում «ոփ» անվանում էին այն խոռոչին կամ փոսին, որի մեջ ջուր էր հավաքվում։ Ու քանի որ լեռնային գոգավորության մեջ վանքի հյուսիսում գտնվող գետի հունն ընդգրկող ավազանը մեծ է եղել, այն կոչել են «մեծ ոփ»։ Ըստ մասնագիտական մի այլ բացատրության՝ վանքի անունը կապվում է բուն վանքի տեղադրության հետ, քանի որ գտնվել է խորունկ փոսի մեջ՝ ժայռերի արանքում։

Ըստ արձանագրությունների՝ Մեծոփավանքը կառուցվել է 1120 թվականին։ Սակայն  XII դարում նրա կենսագործունեության մասին շատ քիչ բան է հայտնի։ 1201 թ․ վանքի միաբաններից Աստվածատուր վարդապետ Արճիշեցին կառուցում է վանքի Սուրբ Աստվածածին գեղեցիկ եկեղեցին, որը կանգուն էր դեռեւս 1915 թ․-ին։

Հայտնի է, որ XIII դարի վերջին եւ XIV դարի սկզբին՝ նշանավոր մատենագիր եւ ուսուցիչ Մխիթար Սասնեցու, վերջինիս ուսումնակից ընկեր Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցու, ինչպես նաեւ նրանց աշակերտների օրոք, վանքը ծաղկում էր ապրում։

 

XIV դ․վերջին դպրոցի վարդապետը եղել է Տաթեւի համալսարանի սան, Հովհան Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է վանքի հիմնական կառույցները, ինչպես նաեւ կառուցել է օժանդակ շինություններ նրա կարիքների համար։ Այդ հիմքի վրա՝ 1408 թ․ Միջնադարի խոշոր աստվածաբան ու փիլիսոփա Գրիգոր Տաթեւացին վանքում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով եւ 8 վարդապետով), որտեղ 1409 թ․ րաբունապետ է եղել Գրիգոր Խլաթեցին, իսկ 1410 թ․՝ Թովմա Մեծոփեցին։

Մեծոփավանքը խոշոր դեր է կատարել հայ մշակույթի պատմության մեջ հատկապես XV դարի առաջին կեսում՝ հենց Թովմա Մեծոփեցու րաբունապետության շրջանում։ Վանքն ունեցել է հարուստ մատենադարան, դպրոցում ծաղկել է գրչության եւ մանրանկարչության արվեստը։ Թովմա Մեծոփեցուն այստեղ աշակերտել են շնորհաշատ երիտասարդներ, որոնք հետագայում հարստացրել են Հայաստանի կրթամշակութային կյանքը։ Նրա ղեկավարությամբ այստեղ ստեղծվել են հայկական դպրոցների համար դասագրքեր ու ձեռնարկներ, հավաքվել, նորոգվել, խմբագրվել, լրացվել, ընդօրինակվել են բազում ձեռագրեր։

Թովմա Մեծոփեցին Մեծոփավանքում զբաղվել է նաեւ մատենագրությամբ։ Իր ապրած ժամանակի անցուդարձը նկարագրող «Պատմութիւն Լանկ Թամուրայ եւ յաջորդաց իւրոց» երկից բացի, նրա գրչին են պատկանում շուրջ երեք տասնյակ այլ գործեր, որոնք հասել են մեզ՝ այդ թվում որպես գրչության կենտրոն Մեծոփավանքի մշակութաստեղծ գործունեության շնորհիվ։

XV դարից սկսած վանքը հաճախակի ենթարկվում է ավարի եւ ավերածությունների։ Բայց միաբանները նաեւ այդ պայմաններում շարունակել են հավատարիմ մնալ Մեծոփավանքի լավագույն ավանդույթներին՝ ընդօրինակելով ու նորոգելով տարբեր ձեռագրեր։

1895 թ․ Մեծոփավանքը թալանվում է Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ հրահրվող ոճրագործությունների հետեւանքով։ Միաբանները տեսնելով, որ այլեւս ապահովություն չկա երկրում, Հովհաննես Ոսպնակերին վերագրվող «Մեռելայարոյց հրաշակերտ աւետարան»-ը տեղափոխում են Վանա լճի Լիմ կղզի։ Վանքի մնացած 100 կտորից ավելի գրչագրերը կորստյան են մատնվում արդեն 1915 թ․ ապրիլին, երբ դրանք հայտնվում են Քաջբերունյաց գավառի կոտորածն իրականացնող քրդերի ձեռքում։ Հենց այս դեպքերի ժամանակ, չարաչար տանջանքների ենթարկվելուց հետո, սպանվում են վանքի գրեթե բոլոր հոգեւորականները, իսկ ձեռագրերն անհետ կորչում են։ Կոտորածից ու ավարի ենթարկվելուց հետո վանքում կյանքը դադարում է։ Իսկ նրա շինություններն ամբողջությամբ ոչնչացվում են արդեն հետագա տարիներին՝ թուրքական պետական քաղաքականության հետեւանքով։

Վանքի կոորդինատներն են՝ 39°09’27″N 43°11’56″E։

Սարո Սարոյան

Ամենաթարմ