Իրավական

Վարորդական իրավունքի վկայականի ձեռք բերման համար 2 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կաշառք տալու, կաշառք տալուն դրդելու ու կաշառքի միջնորդության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 18-ամյա երիտասարդը, 2020թ. վարորդական իրավունքի վկայական ստանալու համար մասնակցել է գործնական քննության և ստացել բացասական գնահատական: Վերջինս պատահական ծանոթացել է 49-ամյա համաքաղաքացու հետ, ում հայտնել է վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու իր ցանկության մասին` նշելով, որ պատրաստվում է կրկին մասնակցել գործնական քննության: Համաքաղաքացին պատրաստակամություն է հայտնել օգնել երիտասարդին:

2020թ. մայիսի 21-ին Իջևան քաղաքում 18-ամյա երիտասարդը մասնակցել է քննությանը և կրկին բացասական գնահատվել, որից հետո վերջինս պաշտոնատար անձին միջնորդի միջոցով կաշառք տալու դիտավորությամբ, 49-ամյա համաքաղաքացու դրդչությամբ վերջինիս տվել է գումար` ՀՀ ճանապարհային ոստիկանության քննական բաժանմունքի տեսուչին որպես կաշառք փոխանցելու և նրա կողմից քննության արդյունքը փոխելու և վարորդական իրավունքի վկայական տալու համար: 49-ամյա տղամարդը փորձել է գումարը տալ ոստիկանության տեսուչին, սակայն վերջինս չի վերցրել առաջարկված գումարը և հրաժարվել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով երիտասարդի օգտին որևէ գործողություն կատարել:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի (կաշառք տալուն դրդելու) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ (կաշառքի միջնորդության փորձ) հոդվածի 1-ին մասով, իսկ 18-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ (կաշառք տալը) հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ