Ադրբեջանի նորընտիր խորհրդարանը կապեր չի հաստատի Ֆրանսիայի օրենսդիր մարմնի հետ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Միլի մեջլիսում արտաքին հարցերով հանձնաժողովում ընդունված որոշումը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, հաստատված նախագիծը չի նախատեսում Ֆրանսիայի խորհրդարանի հետ հարաբերությունների խմբի ստեղծում։
Նախորդ գումարման Միլի մեջլիսում ֆրանսիացի օրենսդիրների հետ համագործակցությունը դադարեցվել է «Փարիզի ապակառուցողական դիրքորոշման» պատճառով։
Բաքուն պարբերաբար մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար։ Երևանն ու Փարիզն էլ հակադարձում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։
Տարեսկզբին Փարիզը հետ կանչեց Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով՝ Բաքվին մեղադրելով «միակողմանի գործողությունների համար, որոնք վնաս են հասցրել երկու երկրների միջև հարաբերություններին»։
