ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում: Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, ապրիլի 27-ին Պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների հարցերով դեսպան Դելֆին Բորիոնի, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ, դեսպան Բրիս Ռոքֆոյի և Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատը, հաստատության ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև՝ կիսվել է հաստատության առաջնահերթություններով:
Հետևություններ անելով Պաշտպանի հաստատության կողմից Արցախ և Հայաստանի սահմանամերձ համայնքներ այցելություններից՝ Պաշտպանը ներկայացրել է արցախահայության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող ճնշումները, այդ թվում՝ հոգեբանական, ապա նաև կոնկրետ ֆիզիկական անձեռնմխելիության ու անվտանգության համար ստեղծված անելանելի պայմանները, որի վերջնանպատակը Արցախի հայաթափումն է։