Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հրապարակել ՌԴ-ին վերագրվող ընտրություններին միջամտության թեմայով Մոսկվայի և Վաշինգտոնի նամակագրությունը: Այս մասին հաղորդում է TACC-ը:
«Ես հիշեցրի, որ մենք ԱՄՆ ներկայիս վարչակազմին առաջարկել ենք նամակագրությունը հրապարակայնացնել կիբեռտարածքում ռիսկերի հայտնվելու դեպքում հատուկ ստեղծված ալիքով, որը 2016 թվականի հոկտեմբերից 2017-ի հունվար իրականացվել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, որից պարզ կդառնա, որ մենք պատրաստ ենք ցանկացած հարցով համագործակցել՝ կապված ընտրություններին մեր միջամտության մասին ԱՄՆ կասկածների հետ»,-ասել է Լավրովը Ամրիկայի Միացյալ Նահանգներում այցի արդյունքներով:
Նախարարը նշել է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կտրականապես հրաժարվում էր այդ նամակագրությունը հրապարակել:
«Եթե նաև ներկայիս վարչակազմն է հրաժարվում այդ նամակագրությունը հրապարակայնացնել՝ ես չգիտեմ՝ ինչ պատկերացումներից ելնելով, ապա մենք էլ ի՞նչ կարող ենք առաջարկել»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ Լավրովը Պոմպեոյի հետ մամուլի ասուլիսում նշել էր, որ Մոսկվան պատրաստ է հրապարակել Վաշինգտոնի հետ նամակագրությունը, որն առնչվում է ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտությանը, հենց որ ամերիկյան կողմը հաստատի այդ փաստաթղթերի հրապարակմանն իր համաձայնությունը: