Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվող հայկական «Լույս» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը եղել է Մեջլիսի նախկին նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը:
Նա անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքին և վերջինիս պատկանող գույքի հարցերին:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակում ասել է հետևյալը.
«Մեր աչքերի, մազերի, մաշկի գույնը տարբեր է, բայց մեր աչքերից հոսող արցունքի գույնը միշտ նույնն է: Այս սկզբունքով պետք է եղբայրաբար ապրենք: Ստամբուլի համար ինչ որոշում էլ ընդունենք, միասին ենք ընդունելու»: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Յըլդըրըմի պնդմամբ`«ԱԶԿ»-ի իշխանությունը համայնքային 167 հիմնադրամներին պատկանող 1029 կառույց է վերադարձրել, սեփականության վկայական տրամադրել և հավելել, թե առաջիկայում նույնպես կշարունակեն նման վարքագիծը:
Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ Ստամբուլում ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզման կա, որից 16-ը՝ հայկական:
Մեջլիսի նախկին նախագահի խոսքերով՝ որոշ ժամանակ, երբ բնակվել է Ստամբուլի Քուրթուլուշ շրջանում, իր հարևանը հայ է եղել, և որևէ տեսակ անհարմարություն չի նկատել նրանց կողմից: Նրա խոսքով`հայերի հետ ապրել է, ինչպես մեկ ընտանիքում:
Յըլդըրըմը կրկնել է նախագահ Էրդողանի հնչեցրած, բայց չփաստարկված այն տեղեկությունը, թե Թուրքիայում այժմ բնակվում է Հայաստանից արտագաղթած 100.000 հայ:
Աղբյուրը՝ shantnews.am