Այսօր՝ օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թվականից) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մետր) և բռնկվել. ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1997 թվականին) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Նշվում է նաև, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և մյուս ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դրդեհը մեկուսացվել է ժամը 05։21-ին, մարվել՝ 05։46-ին։ Այրվել է ավտոմեքենան և մոտակայքում մոտ 1000 քմ բուսածածկույթ:


