Մեքսիկայում ԱՄՆ-ի դեսպան Քրիստոֆեր Լանդաուն քննադատել է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյին, որն աջակցում էր մարքսիզմի գաղափարախոսությանը: Քննադատությունը սկանդալի և սոցցանցերում բուռն քննարկումների պատճառ է դաձել։Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NBC-ին:
«Ես հիանում եմ նրանով, նրա ազատ ոգով: Նա իսկապես Մեքսիկայի խորհրդանիշն է, սակայն ես չեմ հասկանում՝ ինչպես նա կարող էր բացահայտ աջակցել մարքսիզմ-լենինիզմին: Մի՞թե նա չգիտեր այն հանցագործությունների մասին, որոնք կատարվում էին հանուն այդ գաղափարախոսության»,- Twitter-ում գրել է Լանդաուն՝ մեկնաբանելով նկարչուհու տուն իր այցը:
Սոցցանցի օգտատերերն ավելի քան 2000 մեկնաբանություն են արել գրառման տակ: Որոշներն աջակցել են Լանդաուին, սակայն շատերը նրան քննադատել են: Մեքսիկական կոմունիստական կուսակցությունը, որի անդամն էր Կալոն, քննադատել է Լանդաուին:
«Ընկեր Ֆրիդան սատարում էր մարդասիրությունը, ժողովրդավարությունն ու մեքսիկացի ժողովրդի ազատությունը»,- NBC-ը մեջբերում է կուսակցության մեկնաբանությունը: Կուսակցությունը Լանդաուին կոչ է արել «ցույց չտալ սեփական անքաղաքավարությունը՝ փորձելով նմանակել Թրամփին»:
Տեղեկացնենք,որ Ֆրիդա Կալոն մեքսիկացի նկարչուհի է, որը հայտնի դարձավ իր ինքնանկարների շնորհիվ: Կալոն ամուսնու՝ նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ, աջակցում էր մարքսիզմի գաղափարախոսությանն ու մեքսիկական կոմունիստական կուսակցության անդամ էր: Նշենք,որ 1937-ին Կալոն իր տանն ապաստան է տրամադրել ՍՍՀՄ-ից փախուստի դիմած Լև Տրոցկիին: