Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, անդրադարձավ նաև ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ով ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ, խոսելով Գյումրիում ռուսական չվերթների թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին, կոչ էր արել «Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան և մեր փայլուն աշխատող Կառավարությանը այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այդ խնդիրը կարգավորեն»:
«Մեր կլասիկ պատգամավորը որ մտնում է լայվ, կուզեի՝ մինչև էդ զանգեր մեզ: Երբ լայվ մտավ, մենք հարցեր էինք լուծում ու կարող էինք իրեն տեղեկացնել՝ ինչ քայլեր ենք անում ու ինչ քայլեր ենք լուծելու», – ասաց Ռևազյանը՝ անդրադառնալով այդ գրառմանը:
Ռևազյանը նշեց, որ պետք է պրոֆեսիոնալիզմը պահպանել, իսկ «սիրուն աղջիկ» ասելով՝ դա չես պահպանում:
Լրագրողների այն հարցին, թե Ռևազյանն է՞լ է սրտին մոտ ընդունել, նեղվե՞լ էր, կոմիտեի նախագահը պատասխանեց.
«Չէ, ես չեմ վիրավորվել, իրականում ծիծաղել եմ մի քիչ: Մենակ կարևոր է, որ Հայաստանում մտածելակերպի փոփոխություններ լինեն, որ պաշտոնյան անպայման չի լինի մեծահասակ մարդ, փորով, քաչալ, որ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որևէ չափանիշի չէի համապատասխանում մինչև ընդունվելը, ինձ շատ դժվար էին ընդունում, մեծ տարբերություն եմ զգում Հայաստանում ու դրսում քննարկումներում, դրսում լրիվ հակառակ արձագանքի եմ արժանանում, ամենևին չեն խոսում գեղեցկության մասին, քանի որ դա պրոֆեսիոնալ չի, իրենք թույլ չեն տա իրենց նման բան»: