fbpx
Քաղաքականություն

Մեր կողմից բարձրաձայնվում են բոլոր խնդիրները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով, նախատեսվող բալային համակարգի ներդրումը թույլ կտա ավելի շատ կարգապահ վարորդներ ունենալ: Նշենք, որ բալային համակարգի ներդրման արդյունքում վարորդը կարող է զրկվել նաև վարորդական իրավունքից: Խոսելով նախատեսվող համակարգի, ինչպես նաև երթևեկության մեջ առկա ներկայիս խնդիրների մասին՝ Տ. Քեյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց նախագծի կարևորության մասին: «Քաղաքացիների շրջանում շատ դժգոհողներ կան, թե վարորդական իրավունքներից զրկվելու հոսք է լինելու: Բայց անպայման ուզում եմ ընդգծել, որ կարգապահ վարորդները դժվար թե ինչ-որ խնդիրների առաջ կանգնեն բալային համակարգի ներդրմամբ:

Շատ կարևոր է, որ բոլորն իրազեկված լինեն, երթևեկեն ըստ օրենքի և հետագայում այլ բարդությունների առաջ չկանգնեն: Նախագծի հիմքում մարդկանց վարորդական իրավունքից զրկելու միտում դրված չէ, սա սթափեցնող նախագիծ է», – ասաց նա՝ հավելելով, որ բացի այդ, վարորդներին հնարավորություն է տրվելու քննություն հանձնել և վերականգնել բալերը: «Սա նաև թույլ կտա, որ նորից ուսումնասիրեն ճանապարհային երթևեկության կանոնները, թարմացնեն իրենց գիտելիքները:

Նպատակը ոչ թե պատժելն է, այլ կարգապահ վարորդ ունենալը: Փորձը ցույց տվեց, որ տուգանքներն արդյունավետ չեն»,-նշեց մեր զրուցակիցը: Բացի բալային համակարգի վերաբերյալ արված առաջարկներից, որոնք, ի դեպ, ընդունվել են, հ/կ-ն նաև այլ առաջարկներ է արել, որոնք վերաբերում են թե՛ ճանապարհների անհրաժեշտ վերանորոգումներին, թե՛ ճանապարհային գծանշումներին, թե՛ լուսացույցների արդիականացմանը. «Ներկայում բոլոր համապատասխան օղակների հետ քննարկումներ են իրականացվում, որ դրանք ներառվեն նաև հաջորդ տարվա բյուջեում, և հնարավորինս ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն երթևեկության համար, որովհետև ասել, թե միայն բալային համակարգով երթևեկությունն անվտանգ կդառնա, սխալ կլինի: Հիմնական ուղղվածությունը ճանապարհների որակի բարելավումն է: Բալային համակարգն ինչ- որ չափով կզգոնացնի վարորդներին, բայց մենք գիտենք, որ մեքենան կարող է շարքից դուրս գալ անորակ ճանապարհների հետևանքով:

Մենք նաև մի շարք առաջարկներ ենք արել Երևանի քաղաքապետարանին՝ կապված դիտահորերի՝ դրանց բացակայության կամ սխալ տեղադրված լինելու հանգամանքի հետ: Դիտահորերը ևս վթարածին են: Այսինքն՝ մեր կողմից բարձրաձայնվում են բոլոր խնդիրները, որ մեր երկրում երթևեկությունը հնարավորինս անվտանգ կազմակերպվի»: Տ. Քեյանը նաև շեշտեց՝ որպեսզի հասկանանք, թե ինչի դեմ ենք ուզում պայքարել, պետք է հասկանանք, թե վթարներն ինչի հետևանքով են առաջացել. «Ներկայում ունենք միայն վիճակագրական տվյալներ, որ, օրինակ, մահվան ելքով վթարների մեծ մասն արագության գերազանցման և խմածության դեպքերն են: Բայց չունենք վերլուծություն, թե արդյո՞ք դա է հանդիսացել վթարի պատճառը: Կարող է պատճառը ճանապարհի անբարենպաստ վիաճա՞կն է եղել: Փորձ է արվում նաև այդ ուղղություններով վերլուծություններ անել, որ սկսեն պայքարել այն խնդրի դեմ, որը վթար է ստեղծում»:

Անդրադառնալով նաև ՃՈ մեքենաների սակավության խնդրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այժմ ուսումնասիրվում է մի շարք երկրների փորձը՝ պարետային համակարգի ներդրման համար. «Ըստ իս՝ առաջիկայում կլինի նաև այդ համակարգի ներդրումը, ըստ որի՝ փողոցում կտեսնենք շրջիկ մեքենաների և ոստիկանների, որոնք ոչ միայն երթևեկության, այլև քաղաքացիների անվտանգությունը կապահովեն: Արդյունավետության առումով մենք ուսումնասիրություն չունենք, բայց ՃՈ-ի կողմից վստահեցնում են, որ Վրաստանի փորձն այդ առումով շատ դրական է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ