fbpx
Քաղաքականություն

Քարոզարշավը կրկին տանում են սևերի և սպիտակների

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի վաղ սկսված նախընտրական պայքարի համատեքստում քաղաքագետ Գագիկ Համբարյանը պաշտոնական քարոզարշավի այլ մեկնարկ էր ցանկանում տեսնել: Թեև քարոզարշավը նոր է սկսվել, բայց քաղաքագետն իր համար արդեն մի քանի խնդիր է արձանագրել: «Հետևելով քարոզարշավի մեկնարկին, քաղաքական ուժերի և նրանց ներկայացուցիչների որոշ հայտարարություններին, որոնք նաև քննադատությունների արժանացան, պետք է նախ նշեմ, որ «Քաղաքացիական պայմանագիրը», իր թիրախում կրկին պահելով ու մեղադրելով նախորդ իշխանություններին, բավականին ագրեսիվ քարոզարշավ սկսեց: Բացի այդ, ինձ համար զարմանալի է, որ քարոզարշավին մասնակցող գործիչներն իրենց հայտարարությունները չեն համաձայնեցնում իրենց լիդերի հետ:

Որքան էլ ժողովրդավարություն լինի, պետք է նշել, որ այդ հայտարարություններից բխող բացթողումների և սխալների համար պատասխան է տալիս հիմնականում կուսակցության լիդերը: Բացի այդ, Շիրակի, Արագածոտնի և Լոռու մարզերի բնակավայրերում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ես կոնկրետ ծրագրերի վերաբերյալ որևիցե բան չեմ արձանագրել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, արդեն անհետաքրքիր է, թե նախորդ իշխանությունների օրոք ինչ է տեղի ունեցել: Մենք բոլորս դա շատ վաղուց գիտենք, բայց անընդհատ նրանց սխալների վրա կենտրոնանալն արդեն սխալ է: Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով պետք է հանդես գան, որոնք պետք է ներկայացնեն կոնկրետ մասնագետներ: Հակառակ դեպքում, այդ քարոզարշավը միմիայն տեղավորվում է ագրեսիվ հռետորաբանության և «կենացների» դաշտում»: Քաղաքագետն ընդգծեց՝ բոլորովին այլ քարոզարշավի էր սպասում: «Սպասում էի, որ կոնկրետ ծրագրերի, գաղափարների «պրեզենտացիա» պետք է լինի, որոնք հնարավորինս պարզ ու հստակ կներկայացվեն հասարակությանը, և քաղաքացիների համար հասկանալի կլինի, թե քաղաքական ուժերն ինչպիսի ծրագիր ունեն և ինչ տեսլականով են առաջ շարժվում: Բայց քարոզարշավի առաջին իսկ օրը հիասթափվեցի:

ՔՊ– ից եղավ մի հայտարարություն, որը քննադատվեց, հետո փորձեցին մեղմել այն, իսկ Ն. Փաշինյանը փորձեց պաշտպանել Սասուն Միքայելյանին՝ նախորդ իշխանությունների վրա ցեխ շպրտելով: Բայց այդպես չեն պաշտպանվում: Նախ՝ ընդհանրապես չպետք է արվեն այնպիսի հայտարարություններ, որոնք կբորբոքեն մարդկանց, որ հետագայում էլ ստիպված չլինեն այն պաշտպանել ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,–ասաց նա: Բացի ծրագրային ու գաղափարական պայքարի բացակայության խնդրից, քաղաքագետն ավելացրեց. «Մենք չտեսանք նաև ավելի հանգիստ պայքարի մեկնարկ: Ագրեսիվ հռետորաբանությունը պետք է մնար անցյալում. մենք պետք է ունենանք ավելի հանգիստ մթնոլորտում ձևավորվող Ազգային ժողով, բայց առաջին իսկ օրվանից՝ կրկին «վախեցնել», «մատ թափ տալ» և այլն: Ինքս եմ տուժել նախորդ իշխանությունների անպատժելիության հետևանքներից, բայց անընդհատ այդ ամենի մասին ասելն արդեն նորմալ չէ: Այն փաստը, որ ժողովրդական ըմբոստության արդյունքում ընդամենը մի քանի օրում նրանք զրկվեցին իշխանությունից, ցուցիչն է այն բանի, որ նախորդների սխալները բոլորը գիտեն: Հիմա անընդհատ հիշեցնելու կարիքը չկա: Ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքը, փոխեն քարոզարշավի ոճը, բառապաշարը, և փորձեն ներկայացնել իրենց ծրագրերը, տեսլականը, ինչպիսի Հայաստան են տեսնում ապագայում, ինչպես պետք է մաքրեն «ավգյան ախոռները», որոնք ժառանգել են, կամ ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը»:

Գագիկ Համբարյանը շեշտեց՝ քարոզարշավը կրկին տանում են «սևերի և սպիտակների», «չարերի ու բարիների» ուղղությամբ, ինչն այսօր ճիշտ չէ: Իսկ թե ո՞ւր կտանի այդ հռետորաբանությունը, քաղաքագետը նկատում է. «Նախորդ իշխանությունների ներկայացուցիչները կարծում էին, որ իրենց անպատժելիությունն անսահմանափակ է: Իսկ ո՞ւր տարավ այդ ճանապարհը՝ բոլորս տեսանք: Նոր իշխանություններն այդ ամենից պետք է հետևություններ անեն, և պետք է զգույշ լինեն իրենց հռետորաբանության առումով. «կպատժենք», «կվախեցնենք» հռետորաբանությունը ևս տանելու է «բեսպրեդելության»: Իսկ հիմա հասարակությունը բավականին կուշտ է մատ թափ տալուց, ձերբակալություններից ու վերջում նաև այդ ձերբակալվածներին ազատ արձակելուց: Այդ ամենով էլ հասարակությանը չես զարմացնի: Հիմա կոնկրետ գործի ժամանակն է: Եվ ես հուսով եմ, որ նոր իշխանություններն ավելի խոհեմ կգտնվեն, և այս նախընտրական փուլում իրավիճակը չեն սրի: Դա բացարձակ պետք չէ, իսկ եթե իրավիճակը սրվի, ապա սևերի և սպիտակների բաժանումը եթե ոչ առաջիկայում, հետագայում անպայման իր հետևանքները կունենա: Իշխանությունը պետք է հասկանա՝ որքան էլ ունենա հակառակորդներ, միևնույն է, բոլոր պարագաներում ավելի զգոն ու խոհեմ պետք է լինի, որովհետև իշխանություն ունենալը ավելի մեծ պատասխանատվություն է»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ