fbpx
Առողջապահություն

Մեր զինծառայողները գտնվում են ՊՆ հոսպիտալում և անհրաժեշտ բժշկական հետազոտություններն անցնելուց հետո դուրս կգրվեն. Ավանեսյան

Մեր զինծառայողները գտնվում են ՊՆ հոսպիտալում և անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ընթացքն անցնելուց և եթե կարիք լինի՝ նաև բուժական պրոցեսն անցնելուց հետո դուրս կգրվեն: Այդ մասին Կառավարությունում՝ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հայրենիք վերադարձած 17 գերու բուժմանը՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինները կամ մասունքներն արտերկիր ուղարկելուն, ապա նախարարը նշեց, որ այս պահին կարիք չկա արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու:

«Մեր մասնագետները և տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում են՝ իրականացնելու հետազոտությունները: Այո՛, որոշները դեռ ընթացքի մեջ են, և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխաննները: Դեռ ամբողջ հետազոտական պրոցեսը չենք ավարտել»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով, որ ամբողջական պատկերը ունենալու համար նաև ԴՆԹ հետազոտություն է իրականացվում:

Նախարարը մանրամասներ ներկայացրեց նաև բժշկական կենտրոնների նախագծման ու շինարարական աշխատանքների վերաբերյալ:

«Այս պահին 12 բժշկական կենտրոնում իրականացվում են նախագծման կամ շինարարական աշխատանքներ, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվում է մոտ 20 գյուղական ամբուլատորիաների ամբողջական վերանորոգում, համալրում: Հաջորդ տարի էլ բյուջեով արդեն իսկ նախատեսվել են նոր ծրագրեր՝ կապված ամբուլատոր հատվածի բարեկարգման հետ: Կարծում եմ, որ սա շատ կարևոր ուղղություն է: Եթե կարող ենք համարել, որ Հայաստանում հիվանդանոցային օղակն իր ենթակառուցվածքների, սարքավորումների հագեցվածության առումով բավարար կետերի ենք հասնում, նույնը չենք կարող արձանագրել առաջնային օղակի մասին: Եվ սա մեր կարևոր բարեփոխումներից է, որ կապիտալ ներդրումները հաջորդիվ պետք է ուղղվեն առաջնային օղակի բարեկարգումներին»,- ասաց Ավանեսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ