Լիոնել Մեսսին, ով այժմ առաջնորդում է «Ինտեր Մայամիի» հավակնոտ նախագիծը MLS-ում, շարունակում է պահպանել իր խորը կապը «Բարսելոնայի» հետ։ Ակումբի 125-ամյակի առթիվ արգենտինացի լեգենդը կիսվել է իր հիշողություններով՝ անդրադառնալով ակումբի պատմությանը և հույս հայտնելով, որ մի օր կրկին կմիանա Բարսայի երկրպագուներին։
«Mundo Deportivo»-ի հետ բացառիկ հարցազրույցում Մեսսին վերապրեց Բարսայի կարևորագույն պահերը՝ սկսած նրա հիմնադրումից մինչև Յոհան Կրույֆի, Պեպ Գվարդիոլայի և Չեմպիոնների լիգայի հաղթանակների անմոռանալի տարիները։
«Կային պահեր, որոնք ես անձամբ չեմ ապրել, ինչպես ակումբի հիմնադրումը և Կամպ Նոուի կառուցումը։ Բայց հետո եկավ Կրույֆի ժամանակաշրջանը՝ որպես խաղացող և մարզիչ, 1992 թվականի Եվրոպական գավաթի հաղթանակը Վեմբլիում, Պեպի աննկարագրելի տարիները։ Ես հիշում եմ նաև Ռոնալդինյոյի հրաշքը 2005-06 մրցաշրջանում և այն, ինչ մենք արեցինք Լուիս Էնրիկեի հետ, երբ նվաճեցինք եռապատիկը»,- հիշում է Մեսսին։
Նա առանձնացրեց այն խաղացողներին, ովքեր ձևավորել են Բարսայի լեգենդար պատմությունը՝ Յոհան Կրույֆից մինչև Պույոլ, Չավի, Ինիեստա, ինչպես նաև Մարադոնա, ում կարճ ժամանակահատվածն ակումբում թողեց անմոռանալի հետք։ «Բարսան միշտ առանձնացել է լավագույն խաղացողներով՝ Սեսար, Կուբալա, Ռայկարդ, Ռոնալդինյո… Շատերն եմ մոռացել, բայց Բարսան լի է լեգենդներով»,- հավելեց նա։
Մեսսին նաև անդրադարձավ իր անձնական ազդեցություններին՝ առանձնացնելով Պեպ Գվարդիոլային և Ռոնալդինյոյին։ «Պեպը՝ մեր միասին հասած աննկարագրելի հաջողությունների համար, իսկ Ռոնալդինյոն՝ ինձ ընդունելու, օգնություն ցուցաբերելու համար։ Նա շատ օգնեց ինձ առաջին թիմի իմ առաջին պահերին։ Հիշում եմ նաև Չավիին ու Ինիեստային՝ որպես գործընկերներ, ինչպես նաև Ալբային, Բուսկետսին ու Լուիս Սուարեսին, ովքեր նաև ընկերներ են»,- ընդգծեց Մեսսին։ Նա նաև առանձնահատուկ հիշեց Տիտո Վիլանովային․ «Մենք նրան շատ ենք կարոտում»։
Ի վերջո, Մեսսին ուղերձ հղեց Բարսայի երկրպագուներին․ «Իմ ուղերձը Բարսայի երկրպագուներին։ Ես ձեզ շատ եմ կարոտում։ Հուսով եմ՝ շուտով կրկին կհանդիպենք։ Հպարտ եղեք աշխարհի լավագույն ակումբի մաս լինելու համար»։