ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը:
Մեսսին ցանկանում է շարունակել խաղալ, բայց իրատեսորեն գնահատում է իր մարզավիճակը և հասկանում, որ դժվար թե կարողանա ամենաբարձր մակարդակով հանդես գալ։
35-ամյա արգենտինացին մտածում էր «Բարսելոնա» տեղափոխվելու մասին, սակայն ակումբի վատ ֆինանսական վիճակի պատճառով դա տեղի չի ունենա։ Հարձակվողը ցանկանում է նոր միջավայրում շրջապատված լինել վստահելի մարդկանցով, այդ իսկ պատճառով մտադիր է նոր ակումբ տեղափոխվել նախկին խաղընկերների՝ Բուսկետսի և Ալբայի հետ:
Ֆուտբոլիստները տեղյակ են այդ ծրագրից և արդեն համաձայնել են տեղափոխությանը: Սաուդյան Արաբիայում անցկացրած մեկ մրցաշրջանում նրանք երեք անգամ ավելի շատ կվաստակեն, քան մեկ տարվա ընթացքում «Բարսելոնայում»։
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ, սակայն ՊՍԺ–ն Մեսսին արգելել է երկու շաբաթ մասնակցել թիմի խաղերին և մարզումներին, քանի որ անցյալ շաբաթ ֆուտբոլիստը առանց ակումբի թույլտվության մեկնել է Սաուդյան Արաբիա։
Ավելի ուշ Մեսսին ներողություն էր խնդրել ակումբի ղեկավարությունից և իր թիմակիցներից Սաուդյան Արաբիա մեկնելու համար։