Փարիզի քրդական համայնքի ներկայացուցիչները կարծում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւում Թուրքիան է կանգնած։
«Հրաձգությունը տեղի է ունեցել քրդական մշակութային կենտրոնում։ Սա ակնհայտ հարձակում է քրդերի դեմ։ Մենք կարծում ենք, որ դրա հետևում կանգնած են Թուրքիան և Էրդողանը»,- գործակալությանը տված հարցազրույցում ասել է քրդական համայնքի ներկայացուցիչը։
Ոստիկանության կողմից շրջափակված տարածքում հավաքվել են մի քանի տասնյակ քրդեր։ Նրանք բոլորը հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։ Համայնքի ներկայացուցիչները ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպել։
«Հրաձգության արդյունքում երեք քուրդ է սպանվել։ Քրդական մշակութային կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պաշտպանված չի եղել և ցանկացած մարդ կարող էր ներս մտնել»,- ասել է աղբյուրը։
Այսօր 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասի փողոցներից մեկում։ Նա բերման է ենթարկվել. հանցագործության դրդապատճառները դեռեւս հայտնի չեն։ Ըստ Agence France-Presse-ի՝ հարձակվողը ազգությամբ ֆրանսիացի է, ով ոստիկանությանը հայտնի է 2016 և 2021 թվականներին իրականացրած երկու մահափորձերով։
Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է մահացել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, ևս երկուսինը միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։