2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
Նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և գլխիվայր շրջել Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:
Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով , որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խուլիգանություն խմբի կազմում կատարելու կասկածանքով: Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: