ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
«Բանակը բոլոր ժամանակներում պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգությունը երաշխավորող ինստիտուտներից մեկն է, ուստի շարունակում է մնալ պետականաշինության ուղղություններից կարևորագույնը։
Հայտնի խոսք կա՝ բանակը հասարակության հայելին է, բայց այն չպետք է հնչի որպես ինքնարդարացում, այլ պետք է հուշի հասարակական տարբեր ինստիտուստների հետ ներդաշնակ գործելու գաղափարը, որպեսզի կարողանանք փակել բանակ ներթափանցող արատավոր երևույթների ակունքը, հատենք դրանց կենսունակ արմատը և բանակում բացառենք մարդկային կորուստը խաղաղ պայմաններում»,- ասել է Պապիկյանը։
ՊՆ նախարարի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ որքան էլ զինվորի ոգին լինի բարձր և հայրենիքին անմնացորդ ծառայելու կամքն անկոտրում, առանց ժամանակակից սպառազինության անհնար է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ։
«ՀՀ զինված ուժերի սպառազինությունը 21-րդ դարի առաջատար բանակներին հարիր մակարդակով համալրելու ջանքերը նախորդ տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ են տվել։ Մեզ հաջողվել է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը՝ գտնելով նոր գործընկերների և սպառազինության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ կատարել շոշափելի քայլեր, ինչը կօգնի ՀՀ շուրջ ձևավորել ավելի հաստատուն և հուսալի անվտանգային միջավայր։
Չեմ կարող չնշել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերն ու բանակի կարիքները հայրենական արտադրանքով ապահովելու ջանքերը։ Պարզ ասած՝ մենք չպետք է ներմուծենք այն, ինչը կարող ենք արտադրել ինքներս մեր երկրում՝ ավելի ցածր ինքնարժեքով և լավ որակով»,- նշել է Պապիկյանը։