«Քննադատների ընտրություն» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը։ Ամերիկյան Broadcast Film Critics ասոցիացիան հանձնել է Critics’ Choice Awards 2020 մրցանակները։ Դրանում ներառված է 300 քննադատ, որոնք ներկայացնում են հեռուստատեսությունը, ռադիոն և օնլայն պարբերականները։
«Մարդ միֆ, մարդ լեգենդ։ Շնորհավորում ենք Քվենտին Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթանակի առիթով»,-նշված է մրցանակաբաշխության Twitter-ի էջում։
Տարանտինոն մրցանակի է արժանացել նաև լավագույն սցենարի համար։ Բացի դրանից՝ «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենը մրցանակ է ստացել բեմադրող-նկարչի լավագույն աշխատանքի և երկրորդ պլանի լավագույն դերասանական աշխատանքի համար (Բրեդ Փիթ)։
«Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է Խոակին ֆենիքսը, որը խաղացել է «Ջոկեր» ֆիլմում։ Կինոքննադատների վարկածով՝ լավագույն դերասանուհի է դարձել Ռենե Զելվեգերը «Ջուդի» ֆիլմում հոլիվուդյան աստղ Ջուդի Գարլենդի կերպարը մարմնավորելու համար։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչել հարավկորեական «Մակաբույծները», լավագույն կատակերգություն՝ «Իմ անունը Դոլեմայտ է», լավագույն սարսափ՝ «Մենք» ֆիլմը։