«Պարոն Միրզոյան, դուք սխալ հասկացաք, Վահե Էնֆիաջյանի բերած վիճակագրությունը բացարձակապես կապ չուներ մեր նախագծի բովանդակության հետ, մենք պնդում ենք, որ առաջնագծում չպետք է ծառայեն 18 տարեկան զինվորները, առաջնագծում պետք է ծառայեն բացառապես և միայն պայմանագրային զիվորները»:
Այս մասին այսօր ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստի մտքերի փոխանակման ելույթների ժամանակ:
Պատգամավորը հավելեց, որ հարցը քննարկել են պայմանագրային զինվորների հետ, նաև ռազմական ոլորտի մասնագետների հետ: Կա աշխատավարձի խնդիր: Վարչապետը մի տարբերակ հուշեց. 10 տոկոս զինվորների աշխատավարձը բարձրացնելու հետ կապված, որպեսզի պայմանագրային զինվորների թիվը լինի այնքան, որ կարողանանք առաջնագիծը ծածկել:
Անդրադառնալով վարչական իրավախախտումների մասին օրենքին, Զոհրաբյանը նշեց, որ անթույլատրելի է, երբ պատգամավորը փորձում է տեսնել դատապարտյալին և ոմն դատավոր ասում է, որ իր անձնական հայեցողությամբ արգելանք է դրված և չեք կարող տեսնել:
«Ինչ-որ առարկություն դնում ենք, ասում եք՝ հեղափոխության դեմ պայքար է սկսվել: Հարգելիներս, մենք չենք պայքարում հեղափոխության դեմ: Հեղափոխությունը միայն ձերը չի, և մի սեփականաշնորհեք հեղափոխությունը: Մի փորձեք մեր հանրությանը դարձնել ամբոխ», – կոչ արեց պատգամավորը:
«Ադեկվատ նորմալ նախագիծ է, ասում ենք՝ քննարկեք: Սա այն հարթակն է, որ քննարկենք, բանավիճենք: Միգուցե, դուք մեզ համոզեք, որ սխալ ենք, կամ՝ հակառակը: Բայց էսպես ասել ոչ, դակել և գնալ առաջ, ինձ մոտ դեժավյուի վատ հիշողություններ է առաջացնում ձեր և մեր կողմից այդքան դատապարտված անցյալից», – եզրափակեց իր խոսքը Նաիրա Զոհրաբյանը: