fbpx
Առողջապահություն

Միակ պետական ծննդատան կոլեկտիվի բողոք-նամակը՝ վարչապետին

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը տասնյակ տարիներ ծառացած խնդիրների առաջ է կանգնած եղել, իսկ այժմ որոշել են խնդիրները լուծելու փոխարեն փակել ծննդատունը։ Այս գործընթացին արդարացիորեն դեմ են ծննդատան աշխատակիցները։ Նրանք բազմիցս բարձրացրել են խնդիրների լուծման հարցը, և շարունակում են իրենց իրավացի պահանջները ներկայացնել պետական մարմիններին։ Այս անգամ բողոք-նամակով են դիմել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին, ինչը ներկայացնում ենք ստորև.

ՀՀ Վարչապետ պարոն Ն. Փաշինյանին
«Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ կոլեկտիվից

ԲՈՂՈՔ-ՆԱՄԱԿ

Մեծարգո ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյան,

Ձեզ է դիմում «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ գրեթե ողջ անձնակազմը։

Հարգելի՛ պարոն վարչապետ, ծննդատան աշխատանքը կասեցվել է, և մենք օգոստոսից գտնվում ենք գործազրկության շեմին։ Ծննդատունը գոյություն ունի 1957թ.-ից՝ որը Քանաքեռ-Զեյթուն համայնքի միակ ծննդատունն է: 1999թ.-ին ծննդատան տնօրեն դարձավ Կ.Գ. Կուտոյանը և իր մերձավորներին նշանակեց կարևոր հաստիքներում՝ ծնարանի վարիչ, նորածնային բաժնի վարիչ, գլխավոր բուժքույր և ծննդատան ղեկը հանձնեց իր կլանին։ Ծննդատունը սկսեց աստիճանաբար անկում ապրել։ 2019 թ.-ին Հ. Մարությանի թեթև ձեռքով ծննդատունը հանձնվեց Մկրտչյաններին՝ հավատարմագրային կառավարման սկզբունքով (Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջը), սակայն մեր վիճակը ավելի վատացավ։ Ծննդատունը շարունակում էր ղեկավարել նույն կլանը, ոչինչ չավելացնելով, ընդհակառակը՝ անհայտացան և չվճարվեցին մեր աշխատավարձերը 11 ամիս։

Վերջապես 2024թ.-ին, այլևս չհանդուրժելով այդ իրավիճակը, մասսայական բողոքի ակցիայի արդյուքնում քաղաքապետարանը մեծ ջանքերով հետ վերցրեց ծննդատունը։ Մեզ սատարեց և մեր խնդրանքներին ականջալուր եղավ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։ Թվում էր՝ պետության աջակցությամբ կարող ենք մարդավայել աշխատել, սակայն ՀՀ ԱՆ վերահաս ստուգման արդյունքում մեր ծննդատունը գնահատվեց ցածր մակարդակի և պահանջ դրվեց աշխատանքի կասեցման։

Տեղեկացնենք՝ ծննդատանը մեր պետությունը 3-4 անգամ հսկայական գումար է տրամադրել, սակայն այդ գումարը չի ծառայել իր նպատակին և, ամենայն հավանականությամբ, մսխվել է վերոնշյալ կլանի կողմից (1999-2024թթ.), և ծննդատան աշխատանքի կասեցումն անձնակազմը կապում է դրա հետ։ Նշենք, որ 2020-2024 թթ.-ի ընթացքում կոլեկտիվը բազմիցս դիմել է ԱՆ առկա խնդիրներին լուծում տալու խնդրանքով, որոնք անտեսվել են։

Հարգելի՛ պարոն վարչապետ, գիտենք մեր երկրի խնդիրները և Ձեր զբաղվածության աստիճանը, սակայն խնդրում ենք, եթե հնարավոր է, կարճ ընդունելություն՝ մեր խնդիրներին ականջալուր լինելու համար։ Օգնեք վերականգնել մեր ծննդատան աշխատանքը, քանզի այն հանդիսանում է մեր համայնքի կարևորագույն օջախներից մեկը։

Փաստացի՝ կասեցնում են քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող միակ պետական ծննդատան աշխատանքը, ի շահ մասնավոր ծննդատների, հանձինս՝ մեր ծննդատան անմիջապես հարևանությամբ գտնվող, Առողջապահության նախարար Ա. Ավանեսյանի հովանու ներքո գործող «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցի, որտեղ բացվում է ծննդաբերական բաժանմունք։ Արդարացի չէ։ 17.09.2024թ-ին կոլեկտիվը հանդիպում է ունեցել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի և տեղակալի հետ։ Հանդիպման ընթացքում աշխատակիցներին առաջարկվել է գտնել նոր աշխատանք, քանզի բժշկական հաստատությունը որպես ծննդատուն չի վերաբացվելու։ Փաստացի մի ամբողջ կոլեկտիվ դառնում է գործազուրկ։

Azat TV մեդիանախաձեռնությունը կհետևի այս գործընթացին և կներկայացնի թարմացումներ։

Նկարը՝ Երևանի քաղաքապետարանի կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ