Hetq.am-ը գրում է․
Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի ՋՕԸ-ների վերաբերյալ 2018-2019թթ. ընթացքում իրավապահ մարմինների կողմից հարուցվել է 9 քրեական գործ: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ նշված քրեական գործերից երեքը միացվել են մեկ վարույթում։ Ուշագրավն այն է, որ նախնական հաշվարկներով պետությանը հասցված վնասը կազմում է մոտ 2 մլրդ 589 մլն դրամ, սակայն ոչ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կա, հետևաբար ոչ էլ վնասն է հատուցվել:
Արմավիրի մարզ
Այս տարվա մարտի 21-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ «Էջմիածին» և «Արմավիր» ՋՕԸ-ների համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքի առթիվ։
Նախնական հաշվարկով պետությանը պատճառված վնասը կազմում է մոտ 1 մլրդ 65 մլն դրամ, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ։
Մյուս քրեական գործը հարուցվել է ավելի վաղ՝ 2018թ. ապրիլի 3-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ «Շենիկ» ՋՕԸ-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառված վնասի չափը և պատասխանատու անձանց պարզելու ուղղությամբ կատարվում են քննչական գործողություններ։
Արարատի մարզ
2018թ. նոյեմբերի 5-ին Վեդիի քննչական բաժնում՝ «Արարատ» ՋՕԸ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է մոտ 127 մլն դրամ, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է։
2018թ. նոյեմբերի 22-ին մարզում ՋՕԸ-երի հետ կապված հարուցվել է միանգամից երկու քրեական գործ: Մեկը հարուցվել է Արարատի մարզային քննչական վարչությունում՝ «Արտաշատ» ՋՕԸ-ի աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու՝ պետությանը մոտ 1 մլրդ 306 մլն դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այստեղ նույնպես պետությանը պատճառված վնասը նախնական է, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է։
Հաջորդ քրեական գործը նույն օրը հարուցվել է Արարատի մարզի դատախազությունում՝ դարձյալ «Արտաշատ» ՋՕԸ-ի պատասխանատու աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, ինչպես նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառե ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու և արդյունքում ծանր հետևանքներ առաջացնելու հատկանիշներով:
Պետությանը պատճառվել է մոտ 11 մլն դրամի gույքային վնաս: Գումարի չափը նախնական է, որից վերականգնում չի եղել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է։
Արագածոտնի մարզ
ՋՕԸ-երի վերաբերյալ «ամենաթարմ» քրեական գործը հարուցվել է 2019թ. հունվարի 31-ին՝ «Թալին» ՋՕԸ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 72 մլն դրամ գումար յուրացնելու դեպքի առթիվ: Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան:
Նախաքննությունը շարունակվում է։ Պատճառված վնասի վերականգնում չի եղել։
Մյուս քրեական գործը հարուցվել է 2018թ. օգոստոսի 16-ին Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում՝ «Արագածոտն» ՋՕԸ-ի գլխավոր հաշվապահի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 8 մլն դրամ գումարներ յուրացնելու դեպքի առթիվ: Իսկ հոկտեմբերի 26-ին մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն ՋՕԸ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով գումարներ յուրացնելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է:
Բացի այդ, 2019թ. ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանությանում հարուցվել է քրեական գործ՝ «Արագածոտն» ՋՕԸ-ի պատասխանատու աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական անփութության դեպքի առթիվ։
Վերը նշված երեք քրեական գործերի նախաքնությունը կատարվում է մեկ վարույթում։ Քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Նախաքննությունը շարունակվում է, իսկ պատճառված վնասից վերականգնում չի եղել։