fbpx
Իրավական

ՄԻԵԴ դիմումների մեծ մասը վերաբերում են անազատության հարցերին․ ՄԻՊ

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին դիմեց մի քանի հարցով, որոնք վերաբերում էին կալանավորներին:

«Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժից` չկրած մասն ավելի մեղմ պատժաժամկետով փոխարինելու համակարգը փաստացի չի գործում, որից բողոքում են նաև քրեակատարողական հիմնարկի կալանավորները: Դա համակարգի՞ ֆունկցիոնալության խնդիր է, թե՞ օրենսդրական բացերի»,- հետաքրքրվեց Սամսոնյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ դա համակարգային խնդիր է.

«Տարիներ ի վեր մենք կալանավորված անձանց հետ աշխատանք չենք տարել ու չենք պատրաստել նրանց ազատ արձակման համար: Մարդու համար պետք է կանխատեսելի լինի այն ճանապարհը, այն վարքագիծը, որ ինքը դրսևորելու է ազատ արձակվելու համար: Մարդը 23 ժամ անցկացրել է խցում, 1 ժամ էլ լավագույն դեպքում` զբոսանքի համար, արդյունքում նաև չի ունենա բավարար սոցիալ-հոգեբանական պատրաստվածություն: Պրոբացիոն ծառայությամբ են այսօր փորձում կարգավորել այս հարցը, բայց այնտեղ էլ կան շատ խնդիրներ»:

Հաջորդ հարցը քրեակատարողական հիմնարկներում նեղ մասնագիտացված բժշկական օգնություն չտրամադրելու մասին էր, որի հետևանքով հաճախ կալանավորների առողջական խնդիրները բարդանում են: Հարցին` այս դեպքում կալանավորը իրավունք ունի պետությունից կրած վնասների համար դիմել դատարան կամ Եվրոպական դատարան, իսկ կա՞ն այլ մեխանիզմներ, որ կալանավորն ավելի ճկուն ձևով կարողանա փոխհատուցում ստանալ:

ՄԻՊ-ը նշեց, որ բժշկական խնդիրը երկուստեք է: Բժիշկների վերապատրաստումներ, սոցիալական երաշխիքներ չկան: Եվ այստեղ հարցը միայն կալանավորները չեն, այդ հիմնարկներում աշխատողների իրավունքներն էլ պաշտպանված չեն: Նաև նշեց, որ ներդրվել է բարոյական վնասի փոխհատուցվման հարցը ևս: Այս հարցի վերաբերյալ կան կառավարության ընդունած մի շարք որոշումներ:

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀ-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայցադիմումների մեծ մասը վերաբերում է արդար դատաքննության իրավունքի խախտումներին և ի՞նչ դինամիկա է եղել 2018-ին:

Արման Թաթոյանը հաստատեց` Եվրոպական դատարան դիմումների մեծ մասը անազատության հարցերին ու արդար դատաքննության իրավունքի խախտումներին է վերաբերում, բայց նաև նշեց, որ գանգատների թիվը չի նշանակում, որ վճիռները շատ են:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի տվյալների` ամենաշատ դիմումները եղել են 2016-ին և 2018-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ