fbpx
Իրավական

Միհրան Պողոսյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 8-ին «նախազգուշացում» վարչական տույժ է կիրառել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Միհրան Պողոսյանի պաշտոնեական պարտականությունները, որպես պատգամավոր, դադարեցվել են այս տարվա հունվարի 14-ին: Սակայն, վերջինս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջին հակառակ՝ 30 օրվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Հենց այդ փաստն էլ վարույթ հարուցելու և նախկին պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսացել:

Նշենք, որ վարչական տույժ նշանակելը Միհրան Պողոսյանին չի ազատում հայտարարագիրը ներկայացնելու պարտականությունից: Օրենքի համաձայն, եթե տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնի, ապա առաջանում է տուգանքի նշանակում՝ 200.000 դրամի չափով:

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այն սահմանված կարգով Միհրան Պողոսյանին հանձնելու կամ հանձնված համարելու հաջորդող օրվանից:

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի՝ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նա այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ