Երեկ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում, հաղորդում են ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը գործուղվել են Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:
Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուսում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:
ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:
Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: