fbpx
Մարզեր

ՀՀ ՄԻՊ-ն աշխատանքային հանդիպում է ունեցել Գեղարքունիքում

Գավառի պետական համալսարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայասատում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին հանդիպում ունեցավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանի, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանի, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ,մարզի մի շարք համայնքների ղեկավարների , հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բացման խոսքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա շեշտեց, որ շատ է կարեւորում մարզային ու համայնքային իշխանությունների հետ խնդիրների անմիջական քննարկումը՝ ներգրավելով նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: «Մեզ համար անչափ կարեւոր է մարզերի հետ համագործակցությունը, եւ այս ծրագիրը հենց դրան է միտված, որպեսզի մենք համատեղ կարողանանք վեր հանել խնդիրները եւ գտնել դրանց կարգավորման իրավական ճանապարհները: Նման հանդիպումները լինելու են հաճախակի, որոնք նպատակ ունեն՝ նպաստել հանրության կամ անհատ քաղաքացիների կողմից բարձրացված հիմնահարցերի լուծմանը եւ հավասար իրավունքների ապահովմանը:

Մեր համագործակցությունը Գեղարքունիքի մարզպետարանի ու մարզի համայնքապետարանների հետ շատ արդյունավետ է ստացվում»,-նշեց Արման Թաթոյանը: Ներկաներին ողջունեց նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը: «ԱՄՆ կառավարությունը հպարտ է՝ Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիական հասարակության հետ հաստատված համագործակցության համար, որտեղ կարեւորագույնը մեր երկու կողմերի դավանած ընդհանուր արժեքներն են՝ հարգանքը մարդու հավասար իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման նկատմամբ: ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուղղված է հենց այդ արժեքների պահպանմանը, որոնք աշխարհում նպաստում են խաղաղությանը, ստեղծագործ աշխատանքին ու զարգացմանը: Երեք տարի է, ինչ ես աշխատում եմ Հայաստանում ու նկատել եմ,որ Հայաստանի մարզերում կյանքը տարբերվում է մայրաքաղաքից, իսկ այսպիսի հանդիպումները կարող են նպաստել այն խնդիրների վերհանմանն ու կարգավորմանը, որոնք խանգարում են մարդկանց առաջընթացին ու բարեկեցությանը, հանգեցնում իրավախախտումների »,-նշեց Դեբորա Գրիսերը:

Արման Թաթոյանը խոսեց նաեւ ՀՀ ՄԻՊ գործունեության սկզբունքների ու հիմնական ուղղությունների մասին: Տեղում քննարկվեցին նաեւ Գեղարքունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման հետ կապված մի շարք հարցեր, որոնք առկա են կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնությունների կանխարգելման եւ այլ ուղղություններում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված հարցերին:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ