Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը շարունակում է գտնվել Արցախում։ Նա այցելել է Խրամորթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի Facebook-ի պաշտոնական էջում։
- Հայաստանի նորընտիր ՄԻՊ-ը հյուրընկալվել է Արցախի նախագահին
- Արցախի ԱԱԾ-ն աշխատում է՝ համայնքներում անվտանգային կայուն ու հուսալի համակարգ ձևավորելու ուղղությամբ
«Արցախ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումները շարունակել եմ Գլխավոր դատախազությունում։
Հանդիպել եմ Արցախի Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների վերաբերյալ։
Այնուհետև այցելել եմ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին և տեղեկացել ոչ միայն անհանգստացնող, այլև ուրախալի լուրերին. Պատերազմից հետո գյուղից արտագաղթ չի եղել, բոլորը վերադարձել ու հաստատվել են հայրենի Խրամորթում:
Օրվա ավարտին Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ուղևորվել ենք տեղահանվածների ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ», – գրել է ՄԻՊ-ը: