Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Արարատ Միրզոյանը, իր և ՀՀ ԱԺ անունից շնորհավորելով Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին, պատրաստակամություն է հայտնել շարունակել ընդլայնել երկու հանրապետությունների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով Արարատ Միրզոյանին ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմով Արցախ այցելելու համար՝ Արթուր Թովմասյանը, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը Արցախի դիրքորոշումը խորհրդարանական տարբեր շրջանակներում ներկայացնելու գործում: ԱԺ նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների համագործակցությունը այսուհետ ևս կշարունակի ակտիվորեն ընդլայնվել:
- ԱՀ-ում իրականացվել է «Կանեփ – կակաչ 2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը
- Արցախում սակրավորները շարունակում են տարածքը մաքրել չպայթած ռազմամթերքից
Արցախի և Հայաստանի ԱԺ նախագահների հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորների մասնակցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցությանը՝ նշելով որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին զուգահեռ, անհրաժեշտ է համարում նաև երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջև սերտ փոխգործակցությունը:
Անդրադառնալով խորհրդարանի արտաքին կապերին՝ ԱԺ նախագահը ընդգծել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ կապերի խորացումը՝ այդ գործընթացում կարևորելով ՀՀ խորհրդարանի դերը:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհավորելով ներկաներին համապետական ընտրությունների կապակցությամբ, անդրադարձել է Արցախի և Հայաստանի խորհրդարանների համագործակցությանը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ երկրի դիրքորոշման ներկայացման գործում:
«Խաղաղ բանակցությունների արդյունքը, արցախյան հիմնախնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինեն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման վրա, և չի կարող լինել որևէ լուծում, որը չի ունենա Արցախի և Հայաստանի ժողովրդի համաձայնությունը»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորները հանդես են եկել ելույթներով և հնչեցրել առաջարկներ, ինչպես Արցախի բարեկամական շրջանակների ընդլայնման, այնպես էլ՝ տարբեր երկրների խորհրդարանների հետ համագործակցության նոր ուղիների մշակման վերաբերյալ»։
